3 հունիսի 2015 - 14:49 AMT
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը կպայքարի Ցեղասպանության ճանաչման համար, եթե խորհրդարան անցնի

Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) խորհրդարանական ընտրություններում հաջողության դեպքում կպայքարի Հայաստանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, հայտարարել է կուսակցության նախագահի միջազգային գործերի գծով տեղակալ Նազմի Գյուրը:

«Մենք կողմ ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման մասին արձանագրությունների կատարմանը: Հայ-թուրքական հարաբերությունները չպետք է կախված լինեն ղարաբաղյան խնդրի կարգավորումից, դա հայ և ադրբեջանցի ժողովրդների խնդիրն է, որը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով: Մենք նաև կողմ ենք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,-հայտարարել է Գյուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 19 կուսակցություն: Նախկինում ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած 31 կուսակցություններից 12-ը չեն ներկայացրել թեկնածուների ցուցակներն ու դուրս են մնացել պայքարից, հայտնել է Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը:

Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում են նաև հայ թեկնածուներ` ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ կուսակցություններից: Ըստ փորձագետների, հայ թեկնածուներից ֆավորիտը «Յենի Շաֆաք» թերթից իշխանամետ հոդվածներով հայտնի Մարգար Եսայանն է, որը ոչ միայն հայտնի է լայն զանգվածներին, այլև ընդգծված իշխանամետ կեցվածք ունեցող գործիչներից է:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն է. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում է ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները:

Գյուրը նաև հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում հաջողության դեպքում իր կուսակցությունը կսատարի Ռուսաստանի հետ համատեղ «Թուրքական հոսք» գազամուղի նախագծին:

«Թուրքական հոսք» նախագիծը շատ կարևոր է գազի առաքումների դիվերսիֆիկացման և Թուրքիայի էներգետիկ անվտանգության տեսակետից: Մենք ամբողջովին սատարում ենք նրա իրագործմանը»,-հայտարարել է Գյուրը: Միևնույն ժամանակ կուսակցությունը դեմ է Թուրքիայում միջուկային էներգետիկայի զարգացմանը, այդ թվում ռուսական նախագծով «Աքքույու» ատոմակայանի կառուցմանը, քանի որ ըստ Գյուրի, դա կապված է վթարների ռիսկի և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության հետ:

«Թուրքական հոսքի» գազատարի շինարարությունը պաշտոնապես մեկնարկել է մայիսի 8-ին։ Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը Միլլերը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: Միլլերը և Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը մայիսի 7-ին կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են 2016-ի դեկտեմբերին «Թուրքական հոսք» գազատարը շահագործելու և գազի մատակարարումներն սկսելու մասին: Բազմաթիվ փորձագետներ այս ժամկետը ոչ իրատեսական են համարում՝ հաշվի առնելով այդ ուղղությամբ առկա մի շարք խնդիրները։1100 կմ երկարությամբ գազատարը թուրք-հունական սահման կհասցնի մինչեւ 47 մլրդ խմ գազ «Թուրքական հոսքը» պետք է Հունաստանից անցնի Սերբիա, որտեղից էլ եվրոպական երկրներ։ Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա մինչ այժմ «Թուրքական հոսքով» հետաքրքվածություն է ցուցաբերել միայն Ավստրիան։

Photo: Imctv.com.tr