«Իսլամական պետության» գրոհայիններն իրաքյան Մոսուլում այրել են հին Ավետարանը, որի քաշը մոտ 90 կգ էր:
«Քահանան կոչ է արել գրոհայիններին վաճառել գիրքը, սակայն նրանք չեն համաձայնվել»,-պարզաբանել է Սիրիայի գերագույն մուֆտի Ահմադ Բադրեդդին Հասսունը, որն այս օրերին Ռուսաստանում է գտնվում, հայտնում է Լենտա.ռու-ն:
Հասսունը մտահոգություն է հայտնել, որ Սիրիան փորձում են պառակտել կրոնական հատկանիշով: Նա հորդորել է բոլորին, ով կարող է, աշխատել, որպեսզի «այդ վարակը չտարածվի Սիրիայի սահմաններից դուրս և պատի ամբողջ աշխարհը»: Հասսունն ասել է, որ աշխարհում «կրոնական պատերազմ» հասկացության համար տեղ չպետք է լինի:
Ապրիլի սկզբին տեղեկություն տարածվեց, որ իսլամիստներն ավերակների են վերածել հնագույն պարթևական Հաթրա քաղաքը՝ ժամանակակից Իրաքի հյուսիսում: Գրոհայինները մահակների և հրազենի օգնությամբ կոտրել են հին քանդակներն ու արվեստի այլ նմուշներ, որոնք պատմական հուշարձանի տարածքում էին, ապա հատուկ տեխնիկայի միջոցով հողին հավասարեցրել քաղաքը:
2015-ի փետրվարին «Իսլամական պետության» ահաբեկիչները մի քանի հազարամյակի պատմություն ունեցող արձաններ ու քանդակներ ոչնչացրեցին: Նրանք պայթեցրել են նաև Մոսուլի հանրային գրադարանը` մոտ 10 հազար գիրք ոչնչացնելով:
Մայիսի 20-ին «Իսլամական պետության» գրոհայինները, որոնք մարտական գործողություններ են վարում սիրիական բանակի դեմ, գրավեցին հինավուրց Պալմիրան, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, հայտնել են սիրիացի ակտիվիստներն ու տեղաբնակները: Ջիհադականներն արդեն գրավել էին Թադմորի (Պալմիրայի արաբական անվանումն է) մի մասը, որտեղ գտնվում են Պալմիրայի ավերակները, սակայն կառավարական զորքերին հաջողվեց հետ մղել նրանց:
Վտանգ կա, որ Պալմիրան կարժանանա Իրաքի մի շարք ճարտարապետական հուշակոթողների ճակատագրին, որոնք քանդեցին «Իսլամական պետության» գրոհայինները: Նման մտավախություն է հայտնել նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրիան Բոկովան` պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները անտիկ դարաշրջանի ավերակների հարևանությամբ:
2014-ի սեպտեմբերի 21-ին ծայրահեղականներն ականապատել և պայթեցրել են Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:
Ընթերցեք նաև. Հալեպի Մեծ մզկիթից մինչև Պալմիրա. «Իսլամական պետությունն» ընդդեմ մշակութային ժառանգության