11 հունիսի 2015 - 13:13 AMT
Նախարար. ԵՏՄ անդամակցությամբ ՀՀ օրենսդրությունը փոփոխվել է

ԵՏՄ անդամակցության պայմաններում տնտեսական սուբյեկտների նորմալ գործունեությունն ապահովելու համար Հայաստանի գործող օրենսդրությունում արդեն փոփոխություններ են արվել, ասել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։

Նրա խոսքով, Հայաստանի ԵՏՄ անդամակցությամբ ֆինանսների նախարարության առաջնային խնդիրների շարքում կատարելագործվել է Մաքսային օրենսգիրքը, իսկ ոչ ուղիղ հարկերի մասով մերհարկային օրենսդրությունը մոտեցվել է ԵՏՄ-ի օրենսդրությանը:

Ըստ նախարարի նաև, այդ գործընթացի շրջանակում 2014-ին գերատեսչությունը մեծ աշխատանք է տարել, որի արդյունքում ընդունվել են նոր օրենքներ և փոփոխություններ արվել մի շարք գործող օրենքներում և իրավական ակտերում, «Գոլոս Արմենիի» թերթին հղումով գրում է Newsarmenia-ն:

«Համար մեկ խնդիրներից էինք համարում տեղեկատվության անդադար հոսքի ապահովումը ՀՀ և ԵՏՄ երկրների միջև նոր ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով։ Այդ խնդիրն իրագործվել է տեղական մասնագետների շնորհիվ` ներգրավված արտոնագրված արտասահմանյան մասնագետների հետ համատեղ»,- հայտնել է Խաչատրյանը։

Նախարարը տեղեկացրել է, որ 2015-ի հունվարից Հայաստանի մաքսային ծառայությունն աշխատում է նույն տեղեկատվական դաշտում, որում աշխատում են ԵՏՄ երկրները, բացի այդ, օգտագործվում է ԵՏՄ երկրների արտաքին առևտրային գործունեության ապրանքների միասնական ցանկը։

ԵՏՄ-ին անդամակցում են ՌԴ-ն, Բելառուսը, Ղազաստանն ու Հայաստանը, վավերացման փուլում է Ղրղզստանի անդամակցումը:Հայաստանը միության անդամ է դարձել 2015-ի հունվարի 2-ից: Գործընթացին նախապատրաստվելու համար դեռևս անցած տարեվերջին ընդունվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ: Արտահանման դեպքում պահպանվել են ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառման և ակցիզային հարկից ազատման մոտեցումները: