28 սեպտեմբերի 2006 - 14:18 AMT
Միջազգային հանրությունը պատրաստ է դառնալ Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ պայմանագրի երաշխավորը
«Շատ անգամ, Փարիզում, Քի Ուեստում, Ռամբույեում ես տեսել եմ ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղության հասնելու հնարավորությունը եւ այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներն ինձ ազնիվ, հավասարակշռված եւ խելամիտ են թվում: Այդ մասին ես ասել եմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը «Հայաստանի Հանրապետություն» թերթին տված հարցազրույցում: «Ես կցանկանայի Երեւանի եւ Բաքվի կողմից տեսնել խաղաղությանը հասնելու համար անհրաժեշտ արիության դրսեւորումներ»,-հավելել է նա: «Ես անձամբ ներգրավված եմ եղել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում, քանի որ գիտեմ, թե ինչ տառապանքներ է այն բերել եւ քանի որ ժողովրդավարական եւ բարգավաճ ապագա կառուցելու միակ միջոցը խաղաղությունն է»,-նշել է Ժակ Շիրակը: Նրա խոսքերով, տնտեսական դինամիզմը, Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը լիովին օգտակար կլինեն միայն բաց սահմանների եւ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման պայմաններում: «Այսօր Մեծ ութնյակի երկրները եւ միջազգային հանրությունը պատրաստ են դառնալ Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ պայմանագրի երաշխավորը: Չի կարելի բաց թողնել այս պատեհ առիթը»,-հավելել է Ֆրանսիայի նախագահը: