11 հունիսի 2015 - 16:07 AMT
Իգդիրում 13-14-րդ դարերի խաչքար է գտնվել

Ներկայիս Թուրքիայի Իգդիր նահանգի Թուզլուջա շրջանում 13-14-րդ դարերին թվագրվող հայկական խաչքար է գտնվել:

Ermenihaber.am-ը` Dkmhaber.com-ին հղումով գրում է,որ խաչքարը հայտնաբերվել է Կողբի Աշաղը կոչվող թաղամասում մասնավոր շինարարական աշխատանքների ժամանակ:

Տարածքում ժամանակին եղել է հայկական եկեղեցուն կից գերեզմանատուն, որտեղ թաղված են եղել եկեղեցու սպասավորները: Այդ հանգամանքն էլ թույլ է տվել ենթադրել, որ խաչքարը ժամանակին եղել է եկեղեցականներից մեկի շիրմաքարը:

Թուրքական աղբյուրը գրում է, որ խաչքարը տեղափոխվել է Կողբի համայնքապետարան և այժմ որպես հնագիտական նմուշ ցուցադրվում է համայնքապետարանի մուտքի դիմաց:

Խաչքարը հայկական ճարտարապետական հուշարձանի տեսակ է: «Խաչքար» բառը զուտ հայկական է՝ կազմված խաչ և քար բառերից: Այն հիմնականում ստեղծվում է հրաբխային բազալտից կամ տուֆից: Խաչքարի ներքևի մասում փորագրվում է արևի (հավերժության) խորհրդանիշը, որի կենտրոնում պատկերվում է խաչը` Քրիստոսի խաչելության խորհրդանիշը: Խաչքարը շրջեզրվում է 5 նախշով կամ խաղողի ու տերևների զարդաքանդակներով, որոնք խորհրդանշում են Քրիստոսի հարությունը:

Խաչքարերը ծառայել են որպես տապանաքար, տեղադրվել կարևոր իրադարձությունների առթիվ, ինչպիսիք են ճակատամարտերում հաղթանակները, եկեղեցիների, տաճարների, ջրատարների կառուցումը: Դրանք տեղադրվում էին սրբավայրերում, գերեզմանատներում, ճամփեզրերին, ինչպես նաև բլուրների ու ժայռերի վրա: Որոշ դեպքերում, օրինակ Գեղարդում, որն անկրկնելի ժայռափոր վանք է, խաչքարերը տեղադրված են պատերի վրա: Խաչքարերը համարվում էին սուրբ քարեր, և այն վայրերը, որտեղ տեղադրված էին դրանք` սրբատեղիներ: Խաչքարեր մեծ քանակությամբ քանդակվել են 12-13-րդ դարերի ընթացքում. բոլոր ժամանակների մեծ վարպետներ Մոմիկն ու Պողոսը խաչքարեր են արարել հենց այդ դարերում: