13 հունիսի 2015 - 10:34 AMT
ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է վիզաների տրամադրումն ամբողջ աշխարհում

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը տեղեկացրել է, որ վիզաների ու արտասահմանյան անձնագրերի տրամադրումն ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների դեսպանատներում ժամանակավորապես դադարեցվել է:

Ինչպես նշում է Interfax-ը, տեղի ունեցածը պայմանավորված է տեխնիկական անսարքություններով: ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը տարածած հաղորդագրությունում բացատրել է, որ անսարքության հնարավոր պատճառ կարող է լինել դեսպանատների ու հյուպատոսարանների տվյալների բազան պահող սարքավորման աշխատանքի խափանումը, հայտնում է Tert.am-ը:

Չի բացառվում, որ հունիսի 9-ից հետո դիմում ներկայացրած անձինք բախվեն փաստաթղթերի ձևակերպման հետ կապված ուշացումների խնդրին:

Նման իրավիճար էր ստեղծվել նաև 2014-ի հուլիսին, երբ կրկին դադարեցվեց ԱՄՆ վիզաների տրամադրումը:

Նախորդ անգամ ԱՄՆ Պետդեպարտամենտի հյուպատոսական հարցերի բյուրոն տեխնիկական անսարքություններ էր արձանագրել անձնագրային և վիզային ռեժիմների համակարգում, որոնք ազդել էին մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի վրա ամբողջ աշխարհում: Խնդիրը գլոբալ էր և կախված չէր որևէ երկրից կամ մուտքի արտոնագրի կատեգորիայից: ԱՄՆ հյուպատոսական ծառայությունները հայտարարել էին, որ անձնագրերը մուտքի արտոնագրերի հետ կվերադարձվեն հենց որ նշված խնդիրը շտկվի:

Ավելի ուշ Պետդեպարտամենտում պարզաբանեցին, թե ինչով էին պայմանավորված անսարքությունները: Դա տվյալների մշակման համակարգի գլոբալ խնդիր էր: