17 հունիսի 2015 - 15:24 AMT
Բրիտանիայի Լորդերի պալատը ճանաչում է «Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի սարսափելի տառապանքները»

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում հունիսի 16-ին քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը։

Բրիտանիայի խորհրդարանի պաշտոնական կայքում նշվում է, որ հարցը բարձրացրել է բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ հարցնելով, թե արդյո՞ք Բրիտանիան պատրաստվում է 1915 թվականին հայերի, հույների ու ասորիների սպանությունները ճանաչել որպես ցեղասպանություն։

Հարցին ի պատասխան Քորթաունի կոմս Ջեյմս Սթոփֆորդը հայտնել է, որ իրենք ճանաչում են 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի և այլ խմբերի սարսափելի տառապանքները, հայտնում է Tert.am-ը:

«Հիշելով ու հարգելով անցյալի զոհերին՝ մենք հավատում ենք, որ Բրիտանիայի առաջնահերթությունը պետք է լինի Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդներին ու կառավարություններին օգնելը, որպեսզի միասին առերեսվեն համատեղ պատմությանը»,-ասել է նա։

Ի պատասխան բարոնուհի Քոքսը հիշեցրել է, որ աշխարհի ավելի քան 20 երկիր, այդ թվում՝ Ֆրանսիան, Կանադան, Լեհաստանը, Չիլին ու Ավստրիան, ճանաչել է 1.5 մլն հայերի, հույների ու ասորիների զանգվածային սպանությունները։ Նաև հիշեցրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին ու հարցրել՝ Մեծ Բրիտանիայի տեսակետն այդ հարցում չի՞ փոխվելու։

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով էր կոպիտ քննադատություններից մինչև վիրավորանքներ Հռոմի պապի և արգենտինացիների հասցեին:

«Մենք հարգում ենք նրա (Հռոմի պապի) տեսակետն ու համաձայնում, որ պատմության դասերին առերեսվելը կարող է կանխել հետագայում նման դեպքերի կրկնությունը»,- ի պատասխան ասել է կոմսը։

Քննարկման ընթացքում Լորդերի պալատի ներկայացուցիչներն անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերություններին, հետաքրքրվել, թե Միացյալ Թագավորությունն այժմ ինչ քայլեր է ձեռնարկում այդ հարաբերությունների կարգավորման համար։ Կարևորվել է Թուրքիայում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում հայկական ծագմամբ ներկայացուցիչների առկայությունը։