Երկլեզու՝ ռուսերեն և անգլերեն տարբերակով Երևանի 2015-ի զբոսաշրջային քարտեզ է ստեղծվել, որը ներկայացնում է մայրաքաղաքի կենտրոնի զբոսաշրջային հետաքրքրության վայրերը՝ պատմամշակութային հուշարձաններ, թանգարաններ՝ այդ թվում Ցեղասպանության հուշահամալիրը, ցուցասրահներ, եկեղեցիներ, զբոսայգիներ, ինչպես նաև Կենդանաբանական այգին, առողջապահական հաստատությունները:
Մայրաքաղաքի կենտրոնում կողմնորոշվելուն աջակցող քարտեզում նշված են Երևանի մետրոպոլիտենի կայարանները, կենտրոնի հեծանվային կանգառները: Առանձին՝ տեղեկատվության սյունակով էլ ներկայացված են շտապ բուժօգնության, ոստիկանության և այլ ծառայությունների հեռախոսահամարներն ու կայքերը: Քարտեզում նշված են նաև Երևանի քաղաքապետարանի թեժ գծի և տուրիզմի բաժնի հեռախոսահամարները:
Քարտեզը տպագրվել է 20.000 օրինակով: Այն կոմերցիոն նպատակ չի հետապնդում և անվճար բաժանվելու է օդանավակայանում, զբոսաշրջային ընկերություններում, սպասարկման կենտրոններում, այդ թվում՝ հյուրանոցներում և սպասարկման տարբեր օբյեկտներում: Ուսումնասիրելով դաշտը՝ մեր գլխավոր նպատակն էր ունենալ մեկ միասնական զբոսաշրջային քարտեզ-ուղեցույց, որի օգնությամբ Երևան այցելող զբոսաշրջիկները կկարողանան հեշտորեն կողմնորոշվել քաղաքում, տեղեկացնում են քաղաքապետարանից:
Երևանի պատմությանը ծանոթանալու, տեսարժան վայրերը կարճ ժամանակում տեսնելու և քաղաքի ռիթմը զգալու համար զբոսաշրջիկներին, որպես խորհրդատվություն, քարտեզում առանձին առաջարկվում է նաև այցելության 12 վայր՝ էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Երևանի քաղաքի պատմության թանգարան, Մատենադարան, Վերնիսաժ, «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երթուղին, զբոսանք Կասկադում և Հյուսիսային պողոտայում: Ի դեպ, քարտեզում առկա է նաև մշակութային որոշ հաստատությունների աշխատանքային ժամերի և մուտքի պայմանների հետ կապված տեղեկատվություն:
Երևանի 2015 թվականի զբոսաշրջային քարտեզը կազմվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձն ու ընդունված չափորոշիչները:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2015 թվականի հունվար-մարտին Հայաստան է այցելել 232.583 զբոսաշրջիկ, որի 34 տոկոսը՝ ԱՊՀ-ից, ավելի քան 18 տոկոսը՝ եվրոպական երկրներից: Երկիր այցելող գրեթե բոլոր զբոսաշրջիկներն իրենց հանգստի նվազագույնը 2-3 օրն անցկացնում են Երևանում: Ռուսական պարբերականները, անդրադառնալով գարնանը կանանց և մայիսյան տոների անցկացման լավագույն վայրերի ընտրությանը, նախընտրելի ուղղություն էին դիտարկել Երևանը, բացի այդ, հյուրանոցների ամրագրման տեսանկյունից ևս մայրաքաղաքն առաջատար դիրքերում էր: