29 սեպտեմբերի 2006 - 16:26 AMT
Հոլանդիա. Երեք էթնիկ թուրքեր դուրս են թողնվել կուսակցական ցուցակներից Հայոց ցեղասպանության ժխտման համար
Հոլանդիայի խորհրդարանի երեք թեկնածուներ, որոնք ծագումով թուրքեր են, դուրս են թողնվել կուսակցական ցուցակներից Հայոց ցեղասպանության ժխտման համար, հանդես են եկել իրենց կուսակցությունների հրապարակային քննադատությամբ: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը, ելույթ ունենալով մամլո ասուլիսի ժամանակ, Օսման Ելմաչին, որը թեկնածու էր Քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունից, հայտարարել է, թե «սա սեւ օր է Հոլանդիայի համար, որն ոչ ժողովրդավարական կեցվածք է ընդունել, ժխտելով սեփական կարծիք ունենալու իրավունքը»:

«Մենք գտնում ենք, որ դա պատմաբանների գործն է, ես նույնպես ցանկանում եմ իմանալ, թե ինչ է եղել 100 տարի առաջ: Կուսակցությունները սխալ են գործել եւ մենք կշարունակենք մեր պայքարը»,-նշել է մեկ այլ թեկնածու Սաիդ Ելմաչին: Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից մեկ այլ թեկնածու Այան Տոնչան ընդգծել է, որ չի կարծում, թե կուսակցության 99 տոկոսը հասկանում է այդ հարցը: «Մենք պետք է կամ հավանություն տանք կուսակցության պաշտոնական գծին, կամ առանձնանանք»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ եւս մեկ թուրք թեկնածու` Էրդին Սաքանը հեռացվել էր Հոլանդիայի Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության ցուցակներից Հայոց ցեղասպանության ժխտման համար: Խորհրդարանական ընտրությունները Նիդերլանդներում կկայանան նոյեմբերի 22-ին: