18 հունիսի 2015 - 13:42 AMT
Բորդյուժա. Անհրաժեշտության դեպքում Հայաստանը օգնություն կստանա ՀԱՊԿ-ից

Հայաստանն օգնություն կստանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), եթե նման անհրաժեշտություն առաջանա, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «Ռուսաստանն այսօր» մամուլի միջազգային կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

«Հայաստանը ՀԱՊԿ լիիրավ անդամ է, որն իրավունք ունի ամբողջ անհրաժեշտ օգնությունը ստանալ իր դաշնակիցներից իր տարածքում իրավիճակի բացասական զարգացումների դեպքում»,-ասել է Բորդյուժան:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններին` Բորդյուժան նշել է, որ խնդրի լուծմամբ պետք է զբաղվի ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ մյուս ինստիտուտները չպետք է միջամտեն այդ հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Մեր դիրքորոշումը հետևյալն է` Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման շրջանակում գոյություն ունեն միջազգային մեխանիզմներ, այդ թվում Մինսկի խումբը, որը զբաղվում է այդ ձգձգված հակամարտության կարգավորման ուղիների մանրակրկիտ մշակմամբ, երկու կողմերի համար այդ խնդրի փոխըմբռնելի լուծման որոնումներով: Խորապես համոզված եմ, որ այլ ինստիտուտներ այսօր դրան չպետք է մասնակցեն` խառնաշփոթ չառաջացնելու համար»,-հավելել է նա:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները համաձայնեցրել են համատեղ գործողությունների կարգավորումը սահմանային հակամարտությունների դեպքում: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հուլիսի 29-ին՝ «Անխախտ եղբայրություն-2014» խաղաղարար զորավարժությունների բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Նաև նշվել է ռազմական գործակցության ու համատեղ խաղաղապահ գործողությունների անցկացման կարևորությունը:

Նման զորավարժություններ անցկացվում են արդեն երրորդ անգամ: Այս տարի մասնակցում է ՀԱՊԿ 6 անդամ երկրների տարբեր ստորաբաժանումների ավելի քան 700 զինծառայող: Բորդյուժան նշել է, որ այս պահից կազմակերպությունը մասնակցելու է խաղաղապահ գործողություններին:

«Ժամանակակից աշխարհում, երբ տարբեր ահաբեկչական կազմակերպություններ ապակառուցողական գործունեություն են վարում, ծայրահեղ կարևոր է ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական կառույցների միջև փոխհամագործակցության հարթեցումը»,- հայտարարել Բորդյուժան: