20 հունիսի 2015 - 13:14 AMT
Փորձագետ. «Արևելյան գործընկերությունը» հասավ նպատակին որոշ երկրների դեպքում

Այսօրվա դրությամբ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը հասավ նպատակին երեք երկրների` Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի դեպքում: Այս փուլում ԵՄ-ն դեռևս գոհ է արդյունքից և առավել հավակնոտ նպատակներ չի դնի. Ժամանակը դրա համար հարմար չէ, կարծում է փորձագետ-միջազգայնագետ, Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի Ազգային հետազոտական ինստիտուտի Համալիր եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Կիրիլ Էնտինը:

Պրահայում տեղի ունեցած առաջին գագաթնաժողովում հստակ ձևակերպում տրվեց. ԵՄ-ն մտադիր է ասոցացման մասին համաձայնագիր կնքել և առևտրի ազատ գոտի ստեղծել: Առևտրի ազատ գոտին ստեղծվել է Մոլդովայի և Վրաստանի հետ, իսկ 2016-ի հունվարի 1-ից կգործարկվի նաև Ուկրաինայի հետ: «Կարելի է ասել, նախագիծը հարաբերականորեն հաջող իրագործեց դրված խնդիրները այս 3 երկրի դեպքում: Ճիշտ է, կողմնակի երևույթները հսկայական էին»,-ասել է Էնտինը:

Միևնույն ժամանակ, ասել է փորձագետը, դեռ պարզ չէ, ինչ անել Բելառուսի, Ադրբեջանի և Հայաստանի հետ, որոնց ԵՄ հետ ինտեգրվելու ցանկությունը զուտ պայմանական է:

«Նրանց համար կարևոր է որոշակի կապեր պահպանելը, ֆինանսավորում ստանալը, սակայն եվրաինտեգրման իրական ուղիով նրանք մտադիր չեն գնալ: Այդ պատճառով էլ նրանց համար գործընթացը պայմանական է մնում: Ավելին, բաց է մնում հարցը, թե ինչ անել այն պետությունների դեպքում, որոնց նպատակը «Արևելյան գործընկերության» ծրագրով իրագործվեց, սակայն նրանք ավելին են ուզում»,-ասել է փորձագետը:

Ըստ նրա, ամենածայրահեղ տարբերակը նրանց անդամակցության հեռանկար առաջարկելն է որոշակի չափանիշներին համապատասխանելու դեպքում: Դեռևս ԵՄ-ն առանց այցեքարտերի ռեժիմի բոնուսն է խաղարկում Վրաստանի ու Ուկրաինայի համար, սակայն նրանց համար դա բավարար չէ: Սակայն Եվրամիությունը ընդհանուր առմամբ բավարարված է ընթացքից և ավելի մեծ խնդիրներ չի դնի. Ժամանակը այն չէ:

«Արևելյան գործընկերությունն» ի սկզբանե ամենահզոր գրգռիչն էր Ռուսաստանի համար և ոչ ոք չի ուզում էլ ավելի վատթարացնել հարաբերությունները նրա հետ: Մի շարք երկրներ կողմ են լարվածության նվազմանը: Համապատասխանաբար, նրանք չեն սատարի «Արևելյան գործընկերության» առավել հավակնոտ նպատակներին»,-եզրակացրել է Էնտինը, հայտնում է Mixnews.lv-ին:

Նախօրեին ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովն ասաց, որ «Արևելյան գործընկերությունը» սխալ էր և հենց այդ հռետորաբանությունը հանգեցրեց այն հետևանքներին, որոնք «այժմ տեսնում ենք Ուկրաինայում»: Այնուամենայնիվ, չնայած ընթացիկ իրավիճակին, ըստ նրա, Ռուսաստանը չի հրաժարվում «մեծ Եվրոպայի» գաղափարից:

Առաջին փոխվարչապետը պարզաբանել է, որ մինչև 2005 թվականը, երբ Եվրահանձնաժողովի ղեկավարությունը ստանձնեցին Ժոզե Մանուել Բարոզուն և նրա հանձնակատարները, մոտեցումը ընդհանուր տնտեսական և հումանիտար տարածքի կառուցմանը Եվրոպայի և ՌԴ միջև միանգամայն այլ էր և մշակվեց ճանապարհային քարտեզ, որն այն ժամանակ ՌԴ նախագահ Պուտինն անվանեց «մեծ Եվրոպա Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ»: ԵՀ-ում ղեկավարության փոփոխությունից հետո կրկին սկսեցին խոսել այն մասին, որ Եվրոպան չի կարող այդքան մեծ կախում ունենալ ՌԴ-ից, հավելել է նա, հայտնել է ՌԲԿ-ն:

«Այս օրակարգը երբեք չի անհետացել: Մենք միշտ սատարել ենք «մեծ Եվրոպայի» գաղափարին, ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորմանը»,-ասել է Շուվալովը: Ըստ նրա, այն ժամանակ պետք էր պայմանավորվել, մի կողմ թողնելով բարդ հարցերը, իսկ բանակցությունների մասնակիցները «խրվեցին» էներգետիկ փոխգործակցության նոր ձևակերպումների մեջ:

Ընդհանուր տնտեսական տարածքի ապագան պետք է տարանջատել զուտ քաղաքական օրակարգից, ասել է նա. «Սխալ է, երբ քաղաքականությունն ու տնտեսությունը կապված են, քանի որ ի վերջո պատժվում են հասարակ, շարքային մարդիկ, ԵՄ և ՌԴ քաղաքացիներ»: