Հունիսի 20-ին Վարդենիս-Մարտակերտ մայրուղով Ռուսաստանից, Ուկրաինայից և Հայաստանից Արցախում ամառային հանգիստն անցկացնելու նպատակով ԼՂՀ է ժամանել ավելի քան 200 ընտանիք: Նախաձեռնությունն «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանինն է, որն էլ գլխավորել է հայրենադարձ ընտանիքների պատվիրակությունը: Ճանապարհին Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն այցելել է Շահումյանի շրջան և դիմավորել հյուրերին, տեղեկացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին նաև արցախյան երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ:
2015-ին The Guardian-ն Արցախն ընդգրկել է ամենաարկածային վայրերի ցանկում, որտեղ կարելի է անցկացնել արձակուրդը: Բրիտանական զբոսաշրջային Regent Holidays ընկերությունը տուրիստական ուղեգրեր է առաջարկում Երևանով դեպի Լեռնային Ղարաբաղ:
Իր ելույթում վարչապետն ընդգծել է, որ նախաձեռնությունն ունի նաև տնտեսական բաղադրիչ, սակայն ամենակարևորն արցախցիներին իրենց պատմական հայրենիքի հետ կապելն է:
«Շնորհակալ ենք, որ մեր հայրենակիցներն արձագանքել են այստեղ հանգստանալու կոչին, և համոզված ենք, որ սա շարունակական է լինելու»,- ասել է Հարությունյանը:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ հանգստի նպատակով Արցախ ժամանածների մեջ կան մարդիկ, ովքեր, տարիներ առաջ թողնելով Արցախը, հայրենիք վերադառնալու ցանկություն են ունեցել:
«Համոզված եմ, որ այն կյանքը, որ դուք ունեք դրսում, ավելի լավը չէ, քան հայրենի հողում: Վստահ եմ, որ ընտանիքներ ենք տեսնելու, որոնք ժամանակի ընթացքում վերադառնալու և հաստատվելու են Արցախում»,- եզրափակել է վարչապետը:
Իր հերթին «Արցախ» հայրենակցական միության նախագահ Գրիգորյանն ասել է, որ Արցախ ժամանումը հայրենասիրական մեծ քայլ է, և ամեն հայ պետք է գոնե մեկշաբաթյա հանգիստ անցկացնի իր հայրենիքում:
Վերջին տարիներին ԼՂՀ զբոսաշրջության ոլորտում զգալի առաջխաղացում է արձանագրվել: Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2007 թվականից ի վեր ԼՂՀ օտարերկրյա քաղաքացիների այցելությունների թիվը մինչև 2013 թվականը միջին հաշվով աճում էր 40%: Նշված վիճակագրական տվյալները վերաբերում են միայն ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիներին, իսկ ՀՀ քաղաքացիները այդ վիճակագրության մեջ չեն ընդգրկվում: Yստ ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության դիտարկումների՝ ԼՂՀ-ում 2014 թվականին զբոսաշրջիկները գրեթե 6,4 միլիոն դոլարին համարժեք գումար են ծախսել: