Քուրդ աշխարհազորայիններին հաջողվել է գրավել սիրիական Ռաքքա գավառում գտնվող ծայրահեղական «Իսլամական պետության» ռազմակայանը, հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը քրդերի ներկայացուցիչ Ռեդուր Հելիլի վրա հղումով:
«Իսլամական պետության» գրոհայինները վերահսկում էին «Լիվա 93» ռազմակայանն անցյալ տարվանից, երբ գրավեցին այն սիրիացի զինվորականներից, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «ԻՊ գրոհայինները պարտվեցին»,-մեջբերել է գործակալությունը Հելիլի խոսքը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ քուրդ աշխարհազորայինների ջոկատները, որոնք Սիրիայում պայքարում են ԻՊ գրոհայինների դեմ, գրավել են Թել Աբիադ քաղաքը երկրի հյուսիսում: Աշխարհազորայիններին հաջողվել է գրավել Թել Աբիադ-Ռաքքա մայրուղին Թուրքիայի սահմանի մոտ, որը ռազմավարական նշանակություն ունի:
Մինչդեռ Թուրքիան մտահոգված է քրդերի հաջողություններով Սիրիայում: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը հունիսի 16-ին հայտարարեց, թե «էթնիկ զտումների նշաններ է տեսնում Սիրիայի հյուսիսում ինչպես քուրդ աշխարհազորայինների, այնպես էլ «Իսլամական պետության» գործողություններում»:
Այսօր քրդերը երկու շրջան են վերահսկում Սիրիայի հյուսիսում: Թել Աբիադի գրավումը նշանակում է, որ այժմ քուրդ աշխարհազորայինների հսկողության տակ է գտնվում թուրք-սիրիական սահմանի 400-կիլոմետրանոց հատվածը: Հենց այդ հատվածով են երկրի տարածք անցնում ԻՊ շարքերը համալրել ցանկացող օտարերկրացիները:
2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:
ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: