24 հունիսի 2015 - 11:53 AMT
Կրեմլում ուշադիր հետևում են հայաստանյան իրադարձություններին

ՌԴ-ն ուշադիր հետևում է Հայաստանում ծավալվող իրադարձություններին և հուսով է, որ առաջիկայում իրավիճակը կկարգավորվի օրենքի սահմաններում: Հունիսի 23-ին այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հայաստանը մեր մերձավոր գործընկերն է, Հայաստանի, հայ ժողովրդի հետ մենք միավորված ենք դարավոր կապերով: Անշուշտ, մենք ուշադիր հետևում ենք այնտեղի իրադարձություններին, և, անկասկած, հուսով ենք, որ ամենամոտ ապագայում իրավիճակը կկարգավորվի օրենքի սահմանում և ոչ մի օրինախախտում այլևս չի լինի»,-ասել է Պեսկովը լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի ցույցի մասնակիցները հունիսի լույս 24-ի գիշերն անցկացրել են Բաղրամյանի պողոտայում: Գիշերը խաղաղ է անցել, ոստիկանությունը ցույցը ցրելու փորձեր չի ձեռնարկել: Պիկետի մասնակիցները, իրենց հերթին «բարիկադներ են» սարքել մեծ աղբամաններից:

Գիշերը ցույցին են միացել շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ, տարբեր քաղաքական կուսակցություններից պատգամավորներ, այդ թվում՝ իշխող ՀՀԿ-ից, որոնք կենդանի պատ են կազմել ցուցարարների և ոստիկանության միջև` բացառելու համար բռնությունը: Ցուցարարների դժգոհությունն է առաջացել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ներկայությունը:

Իրավապահ մարմինները հուսով են, որ պատգամավորները կհամոզեն ցուցարարներին բացել պողոտայի երթևեկելի մասը: Երևանի ոստիկանապետ, գեներալ մայոր Աշոտ Կարապետյանն ասել է, որ այժմ ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսևորում, սակայն եթե Բաղրամյանի պողոտան չբացվի, իրավախախտները պատասխանատվության կենթարկեն ակցիայի մասնակիցներին: «Ոստիկանությունը գործելու է բացառապես օրենքի սահմաններում»,-ասել է նա: Իր հերթին Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը հայտարարել է, որ իրենք չեն միջամտելու, քանի դեռ ակցիան խաղաղ է:

Գիշերը ակցիայի մասնակիցները պահանջել են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղիղ եթերում հայտարարի, որ չեղարկում է սակագների բարձրացման մասին ՀԾԿՀ որոշումը: Ցուցարարները կոչ են արել բողոքի ակցիաներ ու ցույցեր անցկացնել Հայաստանի բոլոր քաղաքներում ու գյուղերում Գյումրիի օրինակով, որտեղ նստացույց է ընթանում: Ավելի վաղ ոստիկանությունն առաջարկել էր 5 ցուցարարի հանդիպել ՀՀ նախագահի հետ առկա խնդիրների քննարկման համար, սակայն մասնակիցները հրաժարվել են հանդիպումից:

Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրեց հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկվեց 237 անձ, որոնք բոլորն էլ արդեն ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել էր բուժօգնության՝ ստացած վնասվածքների պատճառով:

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ը մասնակի բավարարել է էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն այդ դեպքում կդառնար համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ: