25 հունիսի 2015 - 14:06 AMT
Մահացել է Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք տեր Ներսես Պետրոս ԺԹ-ն

Մահացել է Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս- պատրիարք Տեր Ներսես Պետրոս ԺԹ-ն։

Ինչպես տեղեկացնում է Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի կայքը, Ներսես Պետրոս ԺԹ Թարմունի պատրիարքը մահացել է այսօր՝ հունիսի 25-ի առավոտյան՝ ժամը 8։45-ին, սրտի կաթվածից։

Հուղարկավորության մասին տեղեկությունը կհաղորդվի առաջիկայում։

Տեր Ներսես Պետրոս պատրիարքը ծնվել է Կահիրեում, սովորել Հռոմում, հոգևորական է ձեռնադրվել 1965-ին, իսկ 1999-ի հոկտեմբեր 7-ին ձեռնադրվել է Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք: Ներսես Պետրոս ԺԹ Թարմունիի առաջարկով և նախաձեռնությամբ այս տարի ապրիլի 12-ին Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ է մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունին մեծ աշխատանք է կատարել նաև Գրիգոր Նարեկացուն Եկեղեցու տիեզերական ուսուցիչների շարքում դասելու ուղղությամբ: