Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 25-ին Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը:
Խորհրդարանի ստորին պալատի վավերացմանն է ներկայացվել նաև Ղրղզստանի անդամակցության կապակցությամբ ԵՏՄ մասին պայմանագրում և առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, ինչպես նաև մի շարք հարակից փաստաթղթեր:
ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրը բաղկացած է մի քանի մասից` հիմնական, որտեղ արձանագրվում է տնտեսական միությանը նրա միանալու փաստը, նշված են փաստաթուղթն ուժի մեջ մտնելու պայմաններն ու կարգը, և 3 արձանագրություններից, որոնք ստորագրվել են մայիսի 8-ին Մոսկվայում Բարձրագույն եվրասիական տնտեսական միության նիստում:
Փաստաթուղթը նաև պետք է վավերացնեն ԵՏՄ անդամ մյուս երկրների խորհրդարանները, որից հետո Ղրղզստանի սահմաններն այդ միության բոլոր անդամների հետ (ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Հայաստան) բաց կլինեն, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 16-ի արտահերթ նիստում ներկայացրեց Ղրղզստանի Հանրապետության՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրի երեք նախագիծը: Կողմ քվեարկեց 89, դեմ՝ 4 պատգամավոր, ձեռնպահ չկար:
Այսպիսով, վավերացվել է ՀՀ նախագահի կողմից ներկայացված երեք պայմանագիրը, մասնավորապես, 2015-ի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված Ղրղզստանի Հանրապետության՝ «ԵՏՄ մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «ԵՏՄ մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրի, ԵՏՄ իրավունքի մաս կազմող առաձին միջազգային պայմանագրերի և ԵՏՄ մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» արձանագրությունը:
«Փաստաթուղթը նոր հնարավորություններ է բացում»,-ասել էր միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության առաջին փոխնախարար Սուրեն Կարայանը` նշելով, որ մինչ պայամանգրի ստորագրումը մի քանի պատվիրակություն է այցելել Ղրղզստան` ստուգելու, թե որքանով է երկիրը պատրատ անդամակցել կազմակերպությանը:
ՀՀ Կառավարությունը հավանություն էր տվել ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու վերաբերյալ արձանագրությանը հունիսի 4-ի նիստում: