26 հունիսի 2015 - 12:28 AMT
Իտալացի ոսկերիչները ներկայացրել են Apple Watch-ի ոսկե հավաքածուն

Իտալական Caviar ոսկերչատունը հայտնի է հանրությանը Apple ընկերության սարքերի թանկարժեք տարբերակների ստեղծմամբ: Եվ քանի որ այժմ ամենանորաձև գաջեթները Watch «խելացի» ժամացույցներն են, իտալացի ոսկերիչները չէին կարող բաց թողնել այս հնարավորությունը:

Նրանք ներկայացրել են Apple Watch Caviar Edition ոսկե ժամացույցը և թանկարժեք ժամացույցների հատուկ հավաքածուն, ստեղծված Ռուսաստանի համար: Սարքերը, որոնք ընդգրկվել են «Ռուսական հավաքածուի» մեջ, կգնահատեն առաջին հերթին Ռուսաստանի գործարար և քաղաքական վերնախավի ներկայացուցիչները: «Ռուսական հավաքածուի» մոդելների կորպուսներն ազգային նախշերի տեսքով փորագրություններ ունեն, իսկ կառավարման կոճակը զարդարում է ՌԴ զինանշանի պատկերը:

Հավաքածուի ամենաէժան սմարթ-ժամացույցը Classico-ն է, որի կորպուսը պատված է 18-կարատանոց ոսկով: 147 000 ռուբլի արժողությամբ (մոտ 1 մլն 270 հազար դրամ ընթացիկ փոխարժեքով) գաջեթը երկու տարբերակ ունի` կաշվե կապիչով (ոսկե փակիչով) և միլանական հյուսվածքով կատարված ոսկեզօծ մետաղյա թևնոցով:

Caviar-ի «խելացի» ժամացույցի արժեքը մի քանի անգամ ավելի էժան է Apple-ի օրիգինալ արտադրանքից, քանի որ կորպուսը ոչ թե ամբողջությամբ ոսկուց է պատրաստված, այլ միայն վերին շերտն է ոսկուց: Կախված օգտագործված նյութերից ու զարդերից` Caviar Apple Watch-ի գինը տատանվում է 147 000 - 3 000 000 ռուբլու սահմանում: Վաճառքների մեկնարկը նախատեսված է 2015-ի հուլիսին: