29 հունիսի 2015 - 13:31 AMT
Բաքուն մոտ 1 մլրդ դոլար է ծախսել հետապնդումների ֆոնին անցած Եվրոպական խաղերի համար

Հունիսի 28-ին Բաքվում ավարտվեցին առաջին Եվրոպական խաղերը: Ինչպես հայտնում է Contact.az-ը, Եվրոպական խաղերի փակման արարողության համար 140 մլն մանաթ է ծախսվել պետբյուջեից` ավելի քան $133 միլիոն:

Ըստ Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովի, չնախատեսված ծախսերի հետ միասին խաղերի ամբողջական բյուջեն կազմել է 1,174 մլրդ մանաթ կամ $1,12 մլրդ:

Ինչ վերաբերում է բացման ու փակման արարողություններին, ապա ընդհանուր ծախսերը կազմել են 240 մլն մանաթ` 100 մլն բացմանը և 140 մլն` փակմանը:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, իշխանությունները տասնյակ միլիոններ են ծախսել փակման արարողությանը համաշխարհային աստղերի մասնակցության համար, այդ թվում Մադոննայի:

Բացմանը ելույթ է ունեցել Լեդի Գագան, որին մեկ երգի համար վճարել են 2 մլն մանաթ` ավելի քան $1,9 մլն: Մինչդեռ միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս են քննադատել այն հետապնդումները, որոնց ֆոնին անցնում են Եվրոպական խաղերը: Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանն ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: Վերջին շրջանում ընթացքում բազմաթիվ լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների արգելվել է մտնել Բաքու կամ հավատարմագրվել խաղերը լուսաբանելու համար, ներառյալ՝ բրիտանական The Guardian-ը:

Amnesty International-ի հայտարարության մեջ ասվում էր. «Ադրբեջանը պետք է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակի բոլոր այն անարդար ձերբակալվածներին, որոնք քննադատել են կառավարությունը, դրական կարծիք թողնելու համար Եվրոպական խաղերի մասին:

Իշխանությունները Խաղերի շուրջ քննադատությունից զերծ դաշտ ստեղծելու կոպիտ փորձ արեցին` թույլ չտալով, որպեսզի օտարերկրացի լրագրողներն ու իրավապաշտպան կազմակերպությունները երկիր ժամանեն»,-ասել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով Amnesty International-ի փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը:

«Սակայն միջազգային ԶԼՄ-ներն ամեն ինչ լուսաբանեցին և ցույց տվեցին աշխարհին, որ երկիրը խայտառակ ինչ-որ բան ունի, որ ջանում է թաքցնել»:

Հունիսի 10-ին, Խաղերի բացումից 2 օր առաջ Amnesty International-ի առաքելությանն արգելվեց մուտքը երկիր նոր զեկույցի հրապարակման համար: Հաջորդ օրը պարզվեց, որ Ադրբեջան թույլ չեն տվել մուտք գործել նաև The Guardian, Radio France International-ի և գերմանական ARD ալիքի լրագրողներին:

Չնայած Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման լայն լուսաբանմանը ԶԼՄ-ներում, Միջազգային օլիմպիական կոմիտեն` մարմին, որը պատասխանատու է այդ արժեքների ապահովման համար, լռեց: Եվրոպական օլիմպիական կոմիտեն և ազգային կոմիտեների մեծամասնությունը նույնպես չդատապարտեցին հետապնդումները: Միայն Գերմանիայի և Շվեդիայի օլիմպիական կոմիտեները հրապարակավ հայտարարեցին, որ Ադրբեջանի իշխանությունները խախտում են մարդու իրավունքները:

Այնուամենայնիվ, այս շաբաթ 2 կարևոր միջկառավարական մարմին դատապարտեց մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում: ԵԽԽՎ-ն բանաձև ընդունեց` պահանջելով ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին:

Հետո ՄԱԿ Մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն արեց 24 եվրոպական պետության ու ԱՄՆ անունից` մտահոգություն հայտնելով Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման վերաբերյալ և հետապնդումները կասեցնելու կոչով:

Եթե իշխանությունները չեն ցանկանում, որ քննադատությունը սաստկանա, պարտավոր են կասեցնել անկախ ՈԿԿ-ների նշումը, ապահովել կարծիք հայտնելու ազատությունը և անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակի բոլոր այն անարդար ձերբակալվածներին, որոնք քննադատել են կառավարությունը, ասվում է հայտարարության մեջ»: