Midem երաժշտական փառատոնի ավագ ներկայացուցիչ Կորնելիա Մուխի համոզմամբ,Հայաստանի մասնակցությունը փառատոնին հնարավորություն կտա հետագայում գործակցել միջազգային հրատարակչատների, ձայնագրման ստուդիաների, պետական և մասնավոր հիմնադրամների, ինչպես նաև երաժիշտների մենեջմենթով զբաղվող կազմակերպությունների հետ, որոնք կարող են ներդրումներ անել ՀՀ-ում կամ համատեղձեռնարկություն հիմնել, գրում է Panorama.am-ը:
Midem երաժշտական փառատոնն այս տարի մեկնարկել էր հունիսի 5-ին: Չորս օր շարունակ` մինչև ամսի 8-ը, Ֆրանսիայի Կանն քաղաքը ողողված էր հայկական երաժշտությամբ: Հայաստանն այս տարի փառատոնին մասնակցում էր պատվավոր երկրի կարգավիճակով:
Բիզնեսի տեսանկյունից Մուխը կարևորել է հայ երաժշտության յուրահատկությունը, տաղանդավոր երաժիշտների, ինչպես նաև Հայաստանում գործող մի քանի խոշոր ընկերության (ինչպիսիք են Շարմ հոլդինգը, TM Production-ը) և ձայնագրման ստուդիաների առկայությունը: Նրա համոզմամբ, Հայաստանում երաժշտության ոլորտում ներդրումը շատ լավ կփոխհատուցվի:
«Իմացա, որ բարձր մակարդակի ձայնագրման ստուդիաներ ունեք: Սա շատ հետաքրքիր և հեռանկարային բիզնես մոդել կարող է լինել Հայաստանի համար, քանի որ արևմտյան երկրներում ձայնագրման ստուդիաների գները շատ բարձր են: Պետք է պարզել, թե քանի կազմակերպություն կարելի է բերել, ձայնագրություններ անել ու ձայնասկավառակները թողարկել Հայաստանում»,- ասել է Մուխը:
Նա նաև շեշտել է Հայաստանի անդամակցության անհրաժեշտությունը Ֆոնոգրամայի և վիդեոգրամայի արտադրողների միջազգային ֆեդերացիային (IFPI), որը երաժշտության ոլորտի ամենահեղինակավոր կառույցներից մեկն է աշխարհում:
«Կարևոր է, որ այն ենթակառուցվածքները, որ Հայաստանն ունի, զարգացվեն Midem-ի միջոցով: Լավ կլինի նաև հետազոտություն անցկացնել՝ պարզելու, թե քանի ձայնագրման ստուդիա, հրատարակչական կազմակերպություն կա, որ երաժշտական ժանրն է առավել ուժեղ Հայաստանում և այլն: Այս հետազոտության արդյունքները կարող են ներկայացվել նաև հաջորդ տարի փառատոնի շրջանակում», - ասել է Մուխը:
Նրա խոսքով՝ Հայաստանի մասնակցությունը Midem-ին տպավորիչ էր:
«Բոլորը, ում հետ խոսել եմ, շատ զարմացած ու հիացած են. նրանց համար Հայաստանը մեծ հայտնագործություն էր», - ասել է փառատոնի ներկայացուցիչը:
Նրա խոսքով` Հայաստանի մասնակցության ուժեղ կողմերից մեկն այն էր, որ ներկայացվեց ոչ միայն երկրի երաժշտությունը, այլև հարուստ մշակութային բազմազանությունը:
Նա առանձնացրել է բոլոր երաժշտական կատարումները, իսկ խոսելով Հայաստանի կողմից կազմակերպած Midem-ի բացման արարողության մասին, ուր ներկայացված էին տարբեր ոճերի երաժշտական խմբեր` ջազ, էթնո, ռոք, դասական, ինչպես նաև ազգային պարեր, ասել է, որ փառատոնը երկար ժամանակ չի ունեցել այդպիսի բացման երեկույթ:
Կաննի գլխավոր պողոտան՝ Կրուազետը, հատուկ Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողության համար ամբողջ երեկո փակվել էր, երթևեկությունն էլ դադարեցվել։ Կաննի ամենահայտնի և պատմական առումով հիշարժան «Կարլտոն» հյուրանոցում կայացել է բացման երեկոն, որտեղ հանդես է եկել «Կատուներ» ջազ-խումբը, «Ակուստիկ գույներ» քառյակը և «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազային համույթը։ Կառլտոնի ծովափնյա հատվածում մինչև ուշ գիշեր ելույթ են ունեցել «Դորիանս» ռոք խումբը «Ամբասադոր» ավանդական երաժշտության համույթը և DJ Beatman-ը։