2 հուլիսի 2015 - 14:20 AMT
ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում Ցեղասպանությունից փրկված հայերի մասին բացառիկ տեսանյութեր են հայտնաբերվել

Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանում հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի մասին բացառիկ տեսանյութեր, որոնք պատկերում են, թե ինչպես են հայ փախստականներն ու որբ երեխաները նավակներով հեռանում Թուրքիայից:

Տեսանյութերը բացառիկ են, քանի որ նախկինում համարվում էր, որ Ցեղասպանության տարիներին փախուստի դիմած հայերը պատկերված են եղել միայն լուսանկարներում: Այսպիսով, Կոնգրեսի գրադարանում հայտնաբերված տեսանյութերը հայերին Ցեղասպանության տարիներին պատկերող առաջին հայտնի տեսագրություններն են, գրում է Armenia Today-ը:

Տեսանյութերը հաստատվել և վերականգնվել են մասնագետների կողմից և ցուցադրվելու են Իտալիայում անցնող Il Cinema Ritrovato («Վերականգնված կինո») Բոլոնիայի 29-րդ կինոփառատոնի ժամանակ՝ «Հայաստան՝ մարդասիրության բնօրրան» ընդհանուր վերնագրով: Փառատոնի պատասխանատու Մերիան Լվինսքին, որի օգնությամբ բացահայտվել են այդ բացառիկ տեսանյութերը, պատմում է, որ դրանք նկարահանվել են 1923 թվականին Թուրքիայի տարածքում:

«Ես նկատեցի, որ տեսագրությունների վրա Ստամբուլի հայտնի վայրերն են պատկերված: Դա Ստամբուլն է, և այնտեղ պատկերված է մանկատունը, որում պատերազմից հետո բրիտանացիները հայ որբ երեխաներին էին խնամում մինչև Ստամբուլից նրանց տեղափոխելը», - ասում է Լվինսքին:

Նրա խոսքով՝ տեսանյութերի բացահայտումն ուղղակի հրաշք էր: Մինչ Կոնգրեսի գրադարանում հայտնվելը դրանք պահվել են Օրեգոնի պատմական հասարակության պահոցում: Հեղինակը դեռևս անհայտ է մնում: «Այս տեսանյութերի ցուցադրությունը մեզ համար հարգանքի տուրքի մատուցում է, մենք դրանք դիտարկում ենք որպես պատմական իրողություն: Ներկայումս բանակցություններ ենք վարում Ստամբուլի կինոփառատոնի կազմակերպիչների հետ: Նրանք արտառոց մարդիկ են, և հնարավոր է՝ այդ տեսանյութերը ցուցադրենք նաև Ստամբուլում», - ասել է Մերիան Լվինսքին:

Թուրք պատմաբան Ումիթ Քուրթը և լրագրող Ալև Էրը Փարիզի Նուբարյան գրադարանում կատարած ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերել են ցեղասպանության մասին վկայող մի փաստաթուղթ` հայտնի գրող Զաբել Եսայանի 11-էջանոց զեկույցը, որով հեղինակը ներկայացրել է 1915-ին և դրանից հետո հայ կանանց և աղջիկներին պատուհասած դժբախտությունները:

Նրանց կարծիքով այդ փաստաթուղթը մինչև օրս հրատարակված չի եղել: Ըստ «Ագոս» թերթի՝ այդ զեկույցը ներկայացվել է Փարիզի Խաղաղության կոնֆերանսում հայկական պատվիրակության անդամ Պողոս Նուբար Փաշային: Վերջինս էլ այն հանձնել է կոնֆերանսին մասնակից երկրների ներկայացուցիչներին: