2 հուլիսի 2015 - 18:41 AMT
Լավրով. ՀՀ-ում բողոքի ցույցերը փորձում են քաղաքականացնել

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերը կրում են բացառապես տնտեսական բնույթ, սակայն դրանք փորձում են քաղաքականացնել: Այդ մասին հուլիսի 2-ին BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) երիտասարդական համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, «ՌԻԱ Նովոստի»-ին հղումով գրում է Tert.am-ը։

«Չափազանց շատ ուշադրություն է դարձվում երիտասարդությանը՝ ազգային օրակարգը ձևավորելու հարցում, այդ թվում՝ այսպես կոչված՝ խաղաղ ցույցերի պրիզմայով, որոնք ավելի ու ավելի են դառնում վարքագծի նորմ: Դուք գիտեք՝ ինչպես էին սկսվում գունավոր հեղափոխությունները, Ուկրաինայում` Մայդանը, ներկայիս իրադարձությունները Հայաստանում… Կա նաև գայթակղություն դրանք օգտագործել հակակառավարական տրամադրությունները սրելու համար»,- հայտարարել է Լավրովը` հավելելով, որ Հայաստանում իրադարձությունների արմատները խիստ տնտեսական են, բայց ոմանց, ըստ երևույթին, օգտակար է թվում ավելի հեռուն գնալ և այդ գործընթացները զարգացնել քաղաքական ճանապարհով:

ՀԷՑ-ը դիմել էր ՀԾԿՀ՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում: «Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց սկսեցին Ազատության հրապարակում: Արդեն ամսի 22-ին նրանք երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ իրենց բողոքն արտահայտելու, բայց ոստիկանությունը փակել էր դեպի նախագահական տանող Բաղրամյան պողոտայի սկզբնամասը: Ցուցարարները որոշեցին նստացույցը շարունակել հենց ոստիկանական պատնեշի մոտ: 10 ժամ տևած նստացույցից հետո ոստիկանությունը բազմաթիվ կոչերից հետո գործողությունների դիմեծ՝ ջրցան մեքենայի միջոցով փորձելով ցրել նստացույցը: Դրանից բացի, ցուցարարների, ինչպես նաև ցույցը լուսաբանող մի շարք լրագրողների հանդեպ իրավապահները ֆիզիկական ուժ կիրառեցին, ինչի հետևանքով ավելի ուշ մոտ 25 մարդ բուժօգնության դիմեց՝ ստացված վնասվածքների պատճառով:

Ցույցի վայրից 237 քաղաքացի բերման ենթարկվեց ոստիկանության տարբեր բաժանմունքներ, որոնք ավելի ուշ բաց թողնվեցին: Ցուցարարների հանդեպ ոստիկանների կողմից ուժի կիրառումը զայրացրեց հասարակությանն ու հաջորդ երեկոյան Բաղրամյանում արդեն հազարավոր մարդիկ հավաքվեցին նույն պահանջով՝ չեղարկել սակագնի բարձրացման մասին ՀԾԿՀ որոշումը: Բազմաթիվ ցուցարարներ գիշերներ էին լուսացնում Բաղրամյան պողոտայում: Արդեն հունիսի 27-ին ՀՀ նախագահը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, թե ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի, ու մինչև դրա եզրակացության արդյունքների հրապարակումը Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:

Նա ցուցարարներին կոչ արեց ազատել Բաղրամյան պողոտան, բայց վերջիններս հայտարարեցին, թե շարունակելու են բողոքի ակցիան, քանի որ իրենց պահանջը որոշման չեղարկումն էր: Արդեն հաջորդ օրը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ցուցարարների հետ քննարկման արդյունքում որոշեցին՝ պետք է նստացույցը շարունակել Ազատության հրապարակում ու քննարկել հաջորդ քայլը, բայց ցուցարարներից շատերը համաձայն չէին: Այդպիսով, հավաքվածների մի մասը տեղափոխվեց Ազատության հրապարակ, մեծամասնությունը՝ մնաց Բաղրամյանում, նշելով, որ պահանջը չի փոխվել ու այնքան են մնալու, մինչև որոշումը չչեղարկվի, ոչ թե կասեցվի:

Հոսանքի սակագնի բարձրացման դեմ երևանյան ցույցերն առաջին օրերին ակտիվ լուսաբանվում էին արտասահմանյան ԶԼՄ-ների կողմից, սակայն մի շարք օտարերկրյա լրատվամիջոցներ կեղծ տեղեկատվություններ են տարածել իրադարձությունների մասին: Ռուսական լրատվամիջոցներից շատերն առաջին իսկ օրից շարժումը ներկայացնում էին որպես Արևմուտքի կողմից հովանավորվող և համեմատականներ տանում ուկրաինական Մայդանի հետ: Ուկրաինական մամուլը դեպքերը նույնպես ներկայացնում է որպես երևանյան Մայդանի սկիզբ, սակայն այդ ամենում մեղադրում է ռուսական քաղաքականությունը: Մինչդեռ, Երևանում ծավալվող գործողությունները կրում են բացառապես սոցիալական բնույթ` զերծ քաղաքական ուղղորդումից: