3 հուլիսի 2015 - 11:20 AMT
Նոր վիրուսը քողարկվում է որպես WhatsApp և հափշտակում գումարներ օգտատիրոջ հաշիվներից

Հակավիրուսային ծրագրեր մշակողները հաճախ են զգուշացնում, որ անհրաժեշտ է բեռնել հավելվածները միայն պաշտոնական խանութներից և պաշտպանել հեռախոսը հուսալի հակավիրուսով։ Կողմնակի խանութներից հավելվածների բեռնումը մեծ ռիսկերի է հանգեցնում, քանի որ բարձր է վնասակար ծրագիր ստանալու հավանականությունը։

ESET հակավիրուսային ընկերությունը հաղորդել է նոր մոբիլ SMS-տրոյանի մասին, որը նման տարբերակով է տարածվում։ TrojanSMS.Agent.ZS անունը կրող վիրուսը քողարկվում է որպես հայտնի WhatsApp մեսենջեր՝ թիրախավորելով Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումները։

Տրոյանը վտանգավոր է նրանով, որ առանց օգտատիրոջ իմացության հաղորդագրություններ է ուղարկում վճարովի համարներին և անգամ զանգեր է կատարում, ինչը բերում է հաշիվներից գումարների կորստի։ Բացի այդ, այն կարող է չարագործներին վարակված սարքի կամ համակարգի մասին տեղեկություններ փոխանցել։

ESET-ը պարզաբանում է, որ վնասակար ծրագրով apk-ֆայլի բեռնումից հետո օգտատիրոջն առաջարկվում է վճարել հավելվածի օգտագործման համար։ Վճարում կատարելուց անմիջապես հետո սկսվում է երկրորդ apk-ի բեռնումը, որը պարունակում է լրացուցիչ փաթեթներ։ Ապա հավելվածը հայց է ներկայացնում ադմինիստրատորի իրավունքներ ստանալու, մասնավորապես, հաղորդագրություններ ուղակելու համար։