3 հուլիսի 2015 - 11:49 AMT
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային՝ ԼՂՀ նախագահի Լոնդոն այցի պատճառով

Բաքուն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի Լոնդոն կատարելիք այցի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչություն էր կանչվել Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանը, ում փոխանցել էին, թե Սահակյանի այցը Լոնդոն քայլ է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հուլիսի 8-ին ԼՂՀ նախագահը հրավիրված է մասնակցելու Chatham House-ում՝ Միջազգային հարաբերությունների բրիտանական թագավորական ինստիտուտում կազմակերպված քննարկմանը ղարաբաղյան հակամարտության, ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի, տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ:

Ավելի վաղ Բաքվում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն ևս կանչվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Բակո Սահակյանի մայիսի 17-19 Ֆրանսիա կատարած այցի հետ: Դեսպանին հանձնել էին Ֆրանսիային ուղղված բողոքի նոտան: ԼՂՀ նախագահի Ֆրանսիա այցի առիթ էր հանդիսացել երկու երկրների միջև հարգանքի և բարեկամական կապերի ամրապնդումը: