3 հուլիսի 2015 - 13:52 AMT
#ElectricYerevan. Բռնության, լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքերով քրգործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրգործ է հարուցվել հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրմյան պողոտայում էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցը ցրելու ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների հանդեպ գործադրված ֆիզիկական ուժի դեպքերի առթիվ: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 164-րդ հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով` բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ:

Ըստ ՀՔԾ տարածած հաղորդագրության, հունիսի 23-ին իրականացվող հատուկ միջոցառումների ընթացքում, ինչպես նաև հետագա օրերին, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, հարակից տարածքներում և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ցույցի մասնակիցների և իրադարձությունները լուսաբանող մի շարք լրագրողների նկատմամբ գործադրել են բռնություն, պատճառել մարմնական վնասվածքներ:

Վնասվել կամ ոչնչացվել են վերջիններիս տեսաձայնագրող սարքերը, որով խոչընդոտվել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը` անձանց, կազմակերպությունների իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս: Բռնությունների մասին տեղեկությունները ձեռք են բերվել ԶԼՄ-ներում հրապարակված հաղորդումների, նյութերի և տեսաձայնագրությունների ուսումնասիրությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման է ենթարկվել 237 անձ, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել է բուժօգնության՝ ստացած վնասվածքների պատճառով: