4 հոկտեմբերի 2006 - 13:25 AMT
Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Ռումինիայի նախագահը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն: Այցի հիմնական նպատակն է ամրապնդել միջպետական կապերը, նախանշել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության առաջնային խնդիրներն ու ուղղությունները, խթանել գիտակրթական եւ մշակութային կապերի զարգացումը: Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի եւ Տրայան Բասեսկուի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների կառավարությունների միջեւ կստորագրվեն համատեղ փաստաթղթեր: Հայաստան այցի օրերին Տրայան Բասեսկուն կայցելի նաեւ Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշարձանին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում, ծառատունկ կկատարի Հիշողության պուրակում:

Հոկտեմբերի 5-ին Ռումինիայի նախագահը հանդիպում կունենա վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Երեւանի պետական համալսարանում Տրայան Բասեսկուն հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Նույն օրը Ռումինիայի նախագահի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Հայաստանից: