4 հոկտեմբերի 2006 - 13:55 AMT
Թուրքիան «քննադատում է» Ժակ Շիրակին Հայոց ցեղասպանության մասին արտահայտությունների համար
Թուրքիան հանդես է եկել քննադատությամբ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հասցեին, որը հայտարարել էր, որ պաշտոնական Անկարան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը մինչ Եվրամիությանն անդամակցելը: Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Ժակ Շիրակի այդ հայտարարությունն «ընկալվել է խորը թախիծով»: Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ-ն հավելում է, որ «անցյալ տարի, երբ միջազգային օրակարգ մտավ Ֆրանսիայի գաղութատիրական անցյալի մասին հարցը, Ժակ Շիրակը հայտարարել էր, որ պատմական հարցերը պետք է թողնել պատմաբաններին»: Նշենք, որ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը հայտարարեց, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը մինչ ԵՄ-ին անդամակցելը: «Յուրաքանչյուր երկիր պետք է ճանաչի իր անցյալի սխալները»,-հավելել է նա: