7 հուլիսի 2015 - 11:22 AMT
«Կորուսյալ թռչունները». Թուրքիայում առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմն է նկարահանվել

Թուրքիայում առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել. «Կորուսյալ թռչունները» վերնագրով կինոժապավենը թողարկվել է հունիսի 30-ին:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Today's Zaman կայքը, ֆիլմի սցենարի հեղինակը և համառեժիսորն ազգությամբ հայ Արեն Փերդեջին է, մյուս համառեժիսորը՝ ազգությամբ թուրք Էլա Ալյամաջը:

Ֆիլմի սյուժեն ծավալվում է քրոջ և եղբոր շուրջ, ովքեր Հայոց ցեղասպանությունից հետո շարունակում են մնալ նախնիների հողում, գրում է Yerkir.am-ը:

Սիրո ու ընտանեկան պատմության մասին պատմող կինոժապավենի գլխավոր դերասանները ևս հայ և թուրք Հերոս Աակոբյանն ու Դիլա Ուլուջան են, ֆիլմում նկարահանվել են նաև Թուրքիայում ապրող հայ դերասաններ:

«Կորուսյալ թռչունները» շրջադարձային աշխատանք է թուրքական կինոյի համար, քանի որ առաջինն է ողբերգության մասին և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Եղեռնի մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդը», նկարահանվել է 1919-ին Հոլիվուդում: Թեմային է անդրադարձել նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը՝ 2002-ին նկարահանելով իր «Արարատը»: Թեմային անդրադարձ կան նաև Էլիա Քազանի «Ամերիկա, Ամերիկա» ու Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմերում: 2007-ին Բեռլինի կինոփառատոնում Տավիանի եղբայրները ներկայացրեցին թեմային անդրադարձող ևս մեկ ֆիլմ` «Արտույտների ագարակը»: