7 հուլիսի 2015 - 12:12 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 9 տարում 109,5 միլիոն դրամ է հատկացրել «Ազգային պատկերասրահ» միջազգային փառատոնին

Հուլիսի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կայացել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հանդիսավոր փակման համերգը: Այս տարի փառատոնը մեկնարկել էր հունիսի 18-ին:

Գալա-վոկալ համերգային ծրագրով հանդես են եկել հանրահայտ օպերային երգիչներ, հայկական վոկալի նոր սերնդի վառ ներկայացուցիչներ Վարդուհի Խաչատրյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն): Կոնցերտմայստեր` Արմեն Աղաջանյան: Ծրագրում ընդգրկվել են արիաներ և դերերգեր՝ հայտնի օպերաներից:

2005-ից Հայաստանի ազգային պատկերասրահում իրականացվող խոշորածավալ երաժշտական փառատոնը 2008-ից ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում: Փառատոնի շրջանակում կազմակերպված յուրաքանչյուր համերգ բարձր արվեստի հետ հաղորդակցվելու հիանալի հնարավորություն է դասական երաժշտության իրական երկրպագուների համար:

Փառատոնի գլխավոր գործընկերը Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն է, որն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006թ.-ից: Ամենամյա փառատոնի կազմակերպման նպատակով ընկերությունն ինը տարվա ընթացքում հատկացրել է 109,5 միլիոն դրամ:

Կարդացեք նաև՝«Ազգային պատկերասրահ» միջազգային 11-րդ փառատոնի շրջանակում կկայանա 5 համերգ. Բացումը՝ հունիսի 18-ին