4 հոկտեմբերի 2006 - 15:37 AMT
Վրաստանում կազմում են Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող ռուսաստանցիների ցուցակները
Չորեքշաբթի օրվանից Վրաստանում Ռուսաստանի դեսպանատանը կսկսեն կազմել ժամանակավորապես Վրաստանում գտնվող ռուսաստանցի քաղաքացիների ցուցակները, որոնք ցանկանում են մեկնել հայրենիք, հաղորդել են Թբիլիսիում ՌԴ դեսպանատանը: «Վրաստանում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ Վրաստանում ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիները կարող են դիմել Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանատուն` նրանց հայրենիք վերադառնալու հարցը լուծելու համար»,-հաղորդել են դեսպանատանը: Ռուսաստանը հոկտեմբերի 3-ից դադարեցրել է տրանսպորտային հաղորդակցությունը Վրաստանի հետ: ՌԴ Դաշնային Աէրոնավիգացիոն ծառայության ղեկավար Ալեքսանդր Ներադկոի խոսքերով, Վրաստանի հետ օդային հաղորդակցության դադարեցումը կապված է օդային տրանսպորտի վրաց օգտագործողների կուտակված պարտքերի հետ: Նա հաղորդել է, որ ժամկետանց պարտքերը կազմում են արդեն 3,6 մլն դոլար, իսկ ընթացիկ պարտքը գերազանցել է 176 հազար դոլարը, ընդ որում օդային հաղորդակցության դադարեցման ժամկետները կորոշվեն կախված պարտքերի կանոնակարգման հարցի լուծումից: Ներկայումս ՌԴ քաղաքացիները կարող են Ռուսաստան վերադառնալ միայն երրորդ երկրների տարածքով` Ադրբեջանի, Հայաստանի եւ Ուկրաինայի տարածքով, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:

Հիշեցնենք, որ հարաբերություններն երկու երկրների միջեւ թեժացան Վրաստանում ռուսաստանցի զինծառայողների ձերբակալումից հետո, որոնց մեղադրում են լրտեսության եւ ահաբեկչության համար: Երկուշաբթի օրը վրացական իշխանությունները փոխանցեցին չորս ձերբակալված ռուսաստանցի սպաներին ԵԱՀԿ ղեկավար Կարել դե Գուխտին: Մինչդեռ Ռուսաստանը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի հանդեպ: