8 հուլիսի 2015 - 14:02 AMT
#ElectricYerevan. ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին տուգանել է 60 մլն դրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 11 տարբեր որոշումով 60 մլն դրամի տուգանք է սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի համար: Նիստի օրակարգի հաստատման ժամանակ տեղեկացվել է, որ ՀԷՑ-ը վերացրել է 3 որոշումում արձանագրված խախտումները:

Նիստին ՀԾԿՀ-ն հրապարակել է 14 տարբեր որոշումի նախագիծ, որով պատրաստվում էր ՀԷՑ-ին տուգանել 75 միլիոն դրամի չափով: ՀԾԿՀ նիստին մասնակցել է նաև ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, գրում է Tert.am-ը:

ՀԾԿՀ-ի 14 որոշումից մեկով նախատեսվում էր ՀԷՑ-ին տուգանել 10 մլն դրամով, մեկ այլ որոշումով՝ 5,4 մլն դրամով, մի շարք այլ որոշումներով՝ 5-միլիոնական դրամով:

Տուգանքը սահմանված է հանձնաժողովի 2006-ի դեկտեմբերի 27-ի 358Ն որոշմամբ հաստատված էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների առանձին կետերը խախտելու համար:

ՀԵՑ-ը որոշել է վերջին ամիսներին նոր սպառողների սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման նոր կարգ հաստատել, որով սահմանվել է, որ ընկերությունը գտնվում է ծանր ֆինանսատնտեսական վիճակում և դիմողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին հնարավոր է միացնել միայն այն դեպքում, եթե դիմումատուն սահմանված միացման վճարից բացի վճարի նաև սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելուն նպատակով կատարման ենթակա փաստացի ծախսումների գումարը՝ նշված գումարը հետագա 5 տարվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով:

Մինչդեռ գործող իրավակարգավորումների համաձայն.

ա. Չի թույլատրվում դիմողից պահանջել կատարել վճարումներ, տրամադրել հատուցում, ներկայացնել տեղեկատվություն և փաստաթղթեր կամ ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն Հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27–ի 358 Ն որոշմամբ հաստատված էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով, էլեկտրամատակարարման պայմանագրով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով ( ԷՄՕԿ-ի 2.3 կետ),

բ. Ընկերությունը պարտավոր է իրականացնել նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգի էլեկտրական ցանցին միացման ծախսերը ( ԷՄՕԿ –ի 13-րդ կետ ),

գ. Ընկերությունը պարտավոր է նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար գանձել Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21–ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» N 659 – Ն որոշմամբ հաստատված միացման վճարներ:

Ապրիլի 18-ի ՀԾԿՀ նիստում ՀԷՑ-ը տուգանվել էր 20 մլն դրամի չափով:Պատճառն այն էր, որ ընկերությունը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չի մուտքագրել իր հատուկ հաշիվներին, այլ ինչ-որ ուրիշ բանկային հաշիվների է ուղարկել:

Հանրային ծառայությունները կարագավորող հանձնաժողովը 2014-ի հուլիսին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը տուգանել է 15 մլն դրամով, ապրիլին՝ 5 մլն. դրամով, 2015-ի հունվարին՝ 10 մլն դրամով: 2014-ի մայիսին ՀԵՑ-ին 20 մլն. դրամով տուգանել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողը: