Թուրքիայի տարածքում գտնվող հայկական միջնադարյան հռչակավոր մայրաքաղաք Անին, որը 2012-ից ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցանկում, 2016-ին կարող է ներառվել նաև կառույցի մշակութային ժառանգության մշտական ցանկում:
Յըլդըզ Սալմանը, որը մասնակցում է Թուրքիայի կողմից ՅՈւՆԵՍԿՕ-ի հայտերի պատրաստմանը, հուլիսի 9-ին հայտնել է, որ կառույցը համաշխարհային ժառանգության ցուցակում նոր կատեգորիաներ է ավելացրել, որոնցից մեկը մշակութային երթուղիներն են, գրում է Ermenihaber-ը:
«Բազմամշակույթ Արևելքում կարելի է առավել տարածված մշակութային ժառանգության համար նախագծեր պատրաստել: Ինչպես օրինակ՝ հայկական մշակութային երթուղին, որը կարելի է ձևավորել Կարսից մինչև Վան, Կոնիա՝ ներառելով բոլոր գյուղերն ու եկեղեցիները և այդպես ներկայացնել ՅՈւՆԵՍԿՕ»,- ասել է Սալմանը՝ նշելով, որ հնարավոր է մեկ այլ տարբերակ, եթե Հայաստանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ հուշարձանների մասով մեկ երթուղի ներկայացնեն՝ յուրաքանչյուրն իր տարածքում երաշխավորելով դրա պահպանությունը:
ՅՈւՆԵՍԿՕ-ի մշտական ցանկում ընդգրկված է Թուրքիայի պատմամշակության ժառանգության 15 կոթող:
Սալմանը խոսել է նաև Ստամբուլի Թուզլայի հայկական մանկատանը պատկանող «Արմեն» ճամբարի մասին՝ ասելով, որ այն պետք է ներառել ոչ նյութական մշակութային արժեքների մեջ:
Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունը Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Արմեն» անունով հայտնի հայկական որբանոցին պատկանող տարածքի հետ կապված դիմում է ներկայացրել Եվրոպայի խորհուրդ և Եվրախորհրդարան:
Իրավապաշտպան կազմակերպության անդամները նշել են՝ չնայած տրված խոստումներին՝ «Արմեն» հայկական որբանոցին կից ամառային որբանոցը դեռևս չի վերադարձվել Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին: Թուրք իրավապաշտպան Էրեն Քեսքինն տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհուրդ և Եվրախորհրդարան ուղարկված դիմումների մեջ նշվել է, որ ոչ մուսուլմանական համայնքին պատկանող սեփականության հափշտակմամբ Թուրքիան խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների և Լոզանի համաձայնագրերը:
«Սակայն խոսքը միայն տարածքի մասին չէ: Շենքը նույնպես պետք է պահպանել: Այն երեխաների ձեռքով է կառուցվել: Ճարտարապետական հանճարի արդյունք չէ, սակայն, ըստ իս, հենց այն պատճառով, որ դրա կառուցման գործընթացն իր տեսակի մեջ եզակի է, այն պետք է պահպանել», - շեշտել է Սալմանը:
Անին միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր քաղաքն էր. կառուցվել է Ախուրյան և Անի գետերի միախառնման վայրում՝ կիրճերով պաշտպանված,V–IX դարերում եղել է ամրոց, X–XI դարերում` Հայաստանի մայրաքաղաքը, IX–XIV դարերում` տնտեսական և մշակութային կենտրոն: Ունեցել է շուրջ 100 000 բնակիչ: Քաղաքն իր անունը ստացել է Դարանաղի (Կամախ) գավառի Անի բերդաքաղաքից, որը հեթանոս հայերի կրոնական կենտրոնն էր: Առաջին անգամ հիշատակվել է V դարում:
Անին եղել է քաղաքային ճարտարապետության զարգացման նշանավոր կենտրոն: Քաղաքի ճարտարապետության դպրոցը, ձևավորվելով X դարում, որոշակի հետք է թողել նաև եվրոպական և այլ երկրների ճարտարապետության վրա: Անին հայտնի էր իր եկեղեցիներով։ Միայն պալատական համալիրի մեջ մտնում էր 7 եկեղեցի: Քաղաքի այլ հայտնի եկեղեցիներն էին՝ Անիի Սբ Առաքելոցը, Սբ Փրկիչը, Տիգրան Հոնենցու, Գագկաշեն, Մանուչեի եկեղեցիները։ Վերջինս հետագայում վերածվել է մզկիթի։
Հայկական մշակույթի պահպանության խնդիրն ունի կարևոր նշանակություն համաշխարհային մշակույթի համար։ 1987-ի Եվրոպական խորհրդարանի բանաձևի 6-րդ կետում ասված Է, որ թուրքական կառավարությունը ուշադրություն պետք է դարձնի հայ ժողովրդի յուրօրինակությանը, Թուրքիայում ապրող հայերի լեզվին, կրոնին, մշակույթին, կրթական համակարգին։ Եվրոխորհրդարանը պահանջում է պատշաճ վերաբերմունք ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների նկատմամբ։
1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցներից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ը՝ ավերակ են, 197-ը՝ ամբողջովին նորոգման կարիք ունեն։
Տասնամյակներ շարունակ Թուրքիայի տարածքում փլուզվող, քանդվող, թալանվող հայկական պատմական ժառանգության նմուշները թուրքական իշխանությունների կողմից անտեսված վիճակում են գտնվել: Եվ միայն վերջին տարիներին, երբ մոտենում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Թուրքիան հիշել է դրանց մասին` դիմելով քաղաքական նպատակներ հետապնող քայլերի: