13 հուլիսի 2015 - 14:28 AMT
ՀՀ-ն Սերբիայի բռնցքամարտի մրցաշարում 2 ոսկի և 1 բրոնզ է նվաճել

Մարզիչներ Հարություն Նազարյանի և Ռուդիկ Մկրտչյանի ղեկավարությամբ Սերբիայի «Ոսկե ձեռնոց» բռնցքամարտի մրցաշարին մասնակցել են Հայաստանի երիտասարդական հավաքականի 6 անդամ, որոնցից 3-ը մեդալներ են նվաճել, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Ոսկի են նվաճել 51 կգ քաշային աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը և 60 կգ քաշային Անի Հովսեփյանը: Անուշը եզրափակչում 3:0 հաշվով հաղթել է Ղազախստանը ներկայացնող Մերույերթ Կոնիսաբային, իսկ Անին՝ ոսկե մեդալի համար մենամարտում նույն հաշվով պարտության մատնել լեհուհի Ադրիանա Ժեդրեյչիկին:

3-րդ տեղը զբաղեցրել է 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը, որը կիսաեզրափակչում զիջել էր Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Արտյոմ Միքայելյանին:

2014-ի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրը, հայոց եռագույնը ծածանվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, որտեղ անցնող Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմի ներկայացուցիչը՝ Անուշ Գրիգորյանը հռչակվել է աշխարհի չեմպիոն:

Անի Հովսեփյանը 2015-ին Գերմանիայում անցկացված միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր է:

Դավիթ Չալոյանը 2015-ի բռնցքամարտի երիտասարդների ՀՀ առաջնության հաղթող է: