13 հուլիսի 2015 - 20:05 AMT
#ElectricYerevan. «Խիստ նկատողություն» ցույցը խախտումներով ցրելու համար

Հունիսի լույս 23-ի վաղ առավոտյան Երևանի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցի մասնակիցներին ցրելու ընթացքում հասարակական կարգը վերականգնելու ուղղությամբ իրականացված միջոցառման ժամանակ, ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն:

Հուլիսի 13-ի դրությամբ կատարված քննության արդյունքներով պարզվել է, որ ոստիկանության մի խումբ ծառայողներ թույլ են տվել կարգապահական խախտումներ, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի բաժինը:

Մասնավորապես, հասարակական կարգի պահպանությանն ու անվտանգության ապահովմանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից թույլ է տրվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգապահական կոպիտ խախտում: Համապատասխան օրենքով ոստիկաններից մեկի պաշտոնը (փոխգնդապետ) իջեցվել է մեկ աստիճանով:

Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու` զսպվածություն չցուցաբերելու և ծառայության ընթացքում վայել ու քաղաքակիրթ վարքագիծ չդրսևորելու համար երկու ոստիկանին հայտարարվել է «նկատողություն» և «խիստ նկատողություն»:

Վեց ոստիկան ծառայողական պարտականությունները կատարել են ոչ պատշաճ` քաղաքացիներին բերման ենթարկելիս գործել են ոչ արհեստավարժ: Նրանց ևս հայտարարվել է «խիստ նկատողություն»:

Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում հունիսի 23-ին տեղի ունեցած հավաքների ընթացքում ծառայության ընդգրկված ոստիկանության մյուս ծառայողների գործողությունների և քաղաքացիների դիմումների քննարկման մասով ծառայողական քննությունը շարունակվում է: Արդյունքների մասին կտեղեկացվի:

Հուլիսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրգործ է հարուցվել հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրմյան պողոտայում էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցը ցրելու ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների հանդեպ գործադրված ֆիզիկական ուժի դեպքերի առթիվ: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 164-րդ հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով` բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ:

Նստացույցի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումից տուժած 16 քաղաքացի հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Բացի այդ, հուլիսի 13-ին«Ոչ թալանին»քաղնախաձեռնությունը հայտարարել է՝ ամսի 14-ին հավաք-երթ է անցկացնելու դեպի գլխավոր դատախազություն՝ պահանջելով պատժել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, նրանց հրաման տվողներին:

«Նախաձեռնող խմբում պառակտում չկա, մարդիկ կան, ովքեր լքել են այն անձնական պատճառներով՝ ժամանակի խնդիր ունեն: Հիմնական համակարգող խումբն աշխատում է միասին»,- տեղեկացրել է նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ ցուցարարները որևէ մեկին կոչ չեն արել գնալ տուն՝ հայտարարելով, թե նախաձեռնողների պահանջները կատարվել են:

«Միշտ էլ հայտարարվել է, որ պայքարը շարունակվում է թե փողոցի մասով, թե ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու: Մենք Բաղրամյան պողոտայից հեռացանք, որովհետև խնդիր ունեինք հասկանալու, թե ինչ է իրենից ենթադրում աուդիտը», - բացատրել է Սարգսյանը:

Ըստ նախաձեռնության ադամ Արթուր Քոչարյանի, պառակտումը ձեռնտու է միայն իշխանություններին, իսկ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդրով մտահոգ ուժերը չեն կարող պառակտված գործել: