13 հուլիսի 2015 - 20:35 AMT
Ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Սերգեյ Խաչատրյանը Լիբանանում Ցեղասպանությանը նվիրված համերգ կտան

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն օգոստոսի 8-ին Հայաստանի պետական կամերային և «Հովեր» երգչախմբերի հետ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեծ համերգ կտա Լիբանանի Բեյթեդդին պալատում:

Նվագախումբը ելույթ կունենա Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Մենակատարներ են լինելու ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, ինչպես նաև Իրինա Զաքյանը (սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր), Նարինե Անանիկյանը (մեձո սոպրանո), Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բարիտոն), տեղեկացվում է նվագախմբի կայքում:

Ծրագրում է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» սյուիտը, Բրամսի Ջութակի կոնցերտը, ռե մաժոր,Մոցարտի «Ռեքվիեմ»-ը, ռե մինոր:

Ապրիլի 11-ին Ֆինլանդիայի Տամպերե սրահում, որը սկանդինավյան երկրներում ամենամեծ համերգասրահն է, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգն էր, որը բացեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային շրջագայությունը։ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի ներքո, նվագախումբը ապրիլի 10-15-ը հյուրախաղերով հանդես է եկել Սկանդինավյան 3 երկրում: Մայիսի 8-14-ը նվագախումբը տարելիցին նվիրված համերգներ է տվել ԱՄՆ-ում և Մեքսիկայում: Հուլիսի 12-ին նվագախումբը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով ելույթ է ունեցել Լոնդոնի Վիգմոր սրահում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Սերգեյ խաչատրյանը փետրվարին համերգ է տվել Բեռլինի խորհրդարանի շենքում, ինչպես նաև մայիսին ելույթ է ունեցել Լոնդոնի ամենահայտնի սրահներից մեկում՝ «Ռոյալ ֆեստիվալ հոլ»-ում կայացած «Երաժշտություն նվիրված Հայաստանին» խորագիրը կրող համերգին: