15 հուլիսի 2015 - 12:55 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Ոչ թալանին»-ի երթը դեպի դատախազություն. Ցուցարարներին չեն բավարարում ոստիկանների հանդեպ տույժերը

Էլեկտրաէներգիայի սակագտի բարձրացման դեմ պայքարող«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հուլիսի 14-ի երեկոյան երթ է անցկացրել դեպի Գլխավոր դատախազություն. այն մեկնարկել էր Շառլ Ազնավուրի անվան հրապարակից:

Նախաձեռնության անդամները Գլխավոր դատախազությունից և Հատուկ քննչական ծառայությունից պահանջում էին պատասխանատվության ենթարկել հունիսի լույս 23-ի վաղ առավոտյան նստացույցը ցրելու ժամանակ քաղաքացիների ու լրագրողների հանդեպ բռնություն կիրառած և դրա վերաբերյալ հրաման արձակած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և հատուցել պատճառված վնասը: ՀՀ ոստիկանությունից, Քննչական կոմիտեից և ՀՀ դատախազությունից պահանջում են դադարեցնել խաղաղ ցուցարարների և լրագրողների անհիմն քրեական և վարչական հետապնդումը:

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցի մասնակիցներին ցրելու ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն: Կատարված քննության արդյունքներով պարզվել է, որ ոստիկանության մի խումբ ծառայողներ թույլ են տվել կարգապահական խախտումներ:

Մասնավորապես, ոստիկանության ծառայողների կողմից թույլ է տրվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգապահական կոպիտ խախտում: Համապատասխան օրենքով ոստիկաններից մեկի պաշտոնը (փոխգնդապետ) իջեցվել է մեկ աստիճանով: Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար երկու ոստիկանին հայտարարվել է «նկատողություն» և «խիստ նկատողություն»:Վեց ոստիկան ծառայողական պարտականությունները ոչ պատշաչ կատարելու, քաղաքացիներին բերման ենթարկելիս ոչ արհեստավարժ գործելու համար ևս հայտարարվել է «խիստ նկատողություն»:

Նախաձեռնության անդամներից Մաքսիմ Սարգսյանը երթի ժամանակ հայտարարել է, որ ոստիկանության աշխատակիցների հանդեպ կիրառված տույժերը ցուցարարներին չեն բավարարում:

«Այն, ինչ կատարվել է ամսի 23-ին, ապա նաև հուլիսի 6-ին, սրիկայություն էր: Համակարգը պետք է մաքրվի բոլոր սրիկաներից, որոնք հրաման են տվել, և նրանցից, որոնք ֆիզիկական բռնություն են կիրառել, հայհոյել են, ուժ կիրառել քաղաքացիների և լրագրողների հանդեպ»,- ասել է Սարգսյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Հուլիսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրգործ է հարուցվել ցույցը ցրելու ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների հանդեպ գործադրված ֆիզիկական ուժի դեպքերի առթիվ: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 164-րդ հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով` բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ:

Հատուկ քննչական ծառայության որոշման վերաբերյալ Սարգսյանն ասել է, որ պահանջում են քրեական գործ հարուցել ոչ միայն լրագրողների նկատմամբ բռնության դեպքով, այլև քաղաքացիների:

«Պետք է անհապաղ տրվեն երաշխիքներ, որ պատժվելու են 200-ից ավելն քաղաքացիներին ոստիկանություն տարած ու քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները»,- հայտարարել է նա՝ ասելով, որ հենց այդտեղ նստացույցը հանպատրաստից է ու նախապես ծրագրված չէր: Այն դադարեցնելու համար պահանջում էին երաշխիքներ տալ, ոև մեղավորները կպատժվեն:

Հասնելով Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկ, նախաձեռնության անդամները նստել են փողոցի մեջտեղում:

Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներից պահանջել է շարժվել առաջ՝ իրականացնելով Երևանի քաղաքապետարանի կողմից արտոնված երթը, ազատել փողոցը և չխանգարել քաղաքացիների ազատ տեղաշարժը: Նա վստահեցրել է, որ իրավապահները կուսումնասիրեն հունիսի 23-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործը և եթե պարզվի, որ խախտումներ են թույլ տվել, կպատժվեն:

«Դուք լավ գիտեք, որ ոստիկանությունը եթե ուզենա, հաշված րոպեների ընթացքում բերման կենթարկի բոլորիդ: Բայց ոստիկանությունը չի ցանկանում այդ քայլին դիմել, այնպես որ շարժվեք առաջ: Դուք նոր տեխնոլոգիա եք կիրառում՝ սադրելով բախում: Դուք արդեն լկտիանում եք, ճիշտ է ներողություն այդ բառի համար, բայց իսկապես, լկտիանում եք: Քաղաքացիներն արդեն փնովում են ձեզ: Լրջացեք»,- ասել է նա:

Շարունակելով երթը՝ բողոքի ակցիայի մոտ 200 մասնակից փակել են դեպի Հանրապետության հրապարակ մուտքն Ամիրյանից, գրում է Newsarmenia.am-ը: Օսիպյանը կրկին հայտարարել է, որ ցուցարարների գործողությունները հակաօրինական են` պահանջելով ազատել հրապարակը` հակառակ դեպքում սպառնալով բերման ենթարկել իրավախախտներին:

Քիչ անց երիտասարդները կրկին դադարեցրել են նստացույցն ու շարժվել դեպի Գլխավոր դատախազության շենք, որտեղ նախ ընթերցել են նամակ-պահանջագիրը՝ ուղղված գլխավոր դատախազին, ապա փոխանցել այն դատախազություն ու ավարտել երթը:

ՖՈՏՈՇԱՐՔ