15 հուլիսի 2015 - 17:41 AMT
Adobe-ը շտկել է Flash Player-ի կրիտիկական խոցելիությունը

Երբ Mozilla Firefox-ն արգելափակեց Flash Player-ի փլագինի օգտագործումը, Adobe ընկերությունը նոր տարբերակ թողարկեց` վերացնելով ծրագրային պրոդուկտի մի շարք կրիտիկական թերություններ: 18.0.0.209 տարբերակը հասանելի է ներբեռնման համար, ավելի մանրամասն այդ մասին կարելի է տեղեկանալ ընկերության կայքի տեղեկատվական հաղորդագրությունից:

Adobe Flash Player-ը բազմիցս է քննադատության ենթարկվել արտադրանքի ծածկագրում խոցելի պահերի մեծ քանակի համար: Նախօրեին Facebook-ի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը կոչ է արել Adobe-ին հրապարակել Flash-ի կիրառման վերջին ժամկետը բրաուզերներում: Ավելի վաղ Google-ը Flash Player-ում խոցելիության դեմ պայքարի շրջանակում Youtube-ը տեղափոխեց HTML5-ի:

Մարկ Շմիդտը, որը ղեկավարում է Firefox-ը, Twitter-ի իր էջում հայտնեց, որ այսուհետ Mozilla Firefox բրաուզերը կարգելափակի Adobe Flash Player փլագինի կիրառումը: Արգելափակումը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտնվի նոր տարբերակ, որը զերծ կլինի փլագինի այսօրվա դրությամբ հայտնի բոլոր խոցելի թերություններից: Ցանկության դեպքում օգտատերը միևնույն է կկարողանա օգտվել Flash-ից կարգաբերումներում, սակայն Mozilla-ն խորհուրդ չի տալիս դա անել:

Adobe Flash-ը Adobe Systems ընկերության մուլտիմեդիային հարթակն է վեբ-հավելվածների ստեղծման կամ մուլտիմեդիային շնորհանդեսների համար: Լայնորեն օգտագործվում է գովազդային բաններների, անիմացիայի, խաղերի ստեղծման, ինչպես նաև վեբ էջերում տեսա- և աուդիոձայնագրությունների վերարտադրման համար: