16 հուլիսի 2015 - 11:47 AMT
Դատախազությունը «Ոչ թալանին»-ի նամակն ուղարկել է ՀՔԾ

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած նստացույցը դադարեցնելու նպատակով իրականացվող հատուկ միջոցառումների ընթացքում, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից իրենց լիազորությունների շրջանակից դուրս գալու, հավաքի մասնակիցների և իրադարձությունները լուսաբանող մի շարք լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու, մարմնական վնասվածքներ պատճառելու, դիտավորությամբ գույքը ոչնչացնելով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու վերաբելյալ հրապարակումները, տեսաձայնագրությունները դեռևս հունիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` համապատասխան ընթացք տալու համար: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

Դատախազությունը հուլիսի 14-ին ստացել է «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության նամակը, որով հեղինակները խնդրել են նամակում նշված փաստերի հիման վրա հարուցել քրեական գործ՝ պատշաճ դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնել նախաքննության նկատմամբ, ոստիկանության գործողություններին տալ իրավական գնահատական և պատժել մեղավորներին:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից ենթադրաբար կատարված, ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ, 185-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ դեռևս հուլիսի 2-ին հարուցվել է քրեական գործ՝

1. ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով. այն է՝ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով,

2. 164-րդ հոդվածի 2-րդ մասով. այն է՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը` որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3. 185-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել:

ՀՀ գլխավոր դատախազությունը, նկատի ունենալով, որ «Ոչ թալանին» քաղնախաձեռնության նամակում նշված փաստերի առթիվ արդեն իսկ կա հարուցված քրգործ, այնուամենայնիվ, վերոնշյալ նամակն ուղարկել է նախաքննությունն իրականացնող մարմնին՝ համապատասխան ընթացք տալու համար: Հարուցված քրեական գործով նախաքննությունն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցի մասնակիցներին ցրելու ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն: Կատարված քննության արդյունքներով պարզվել է, որ ոստիկանության մի խումբ ծառայողներ թույլ են տվել կարգապահական խախտումներ:

Նախաձեռնության անդամներից Մաքսիմ Սարգսյանը հուլիսի 14-ին հայտարարել է, որ ոստիկանության աշխատակիցների հանդեպ կիրառված տույժերը ցուցարարներին չեն բավարարում: Նրա խոսքով նաև, պահանջում են քրգործ հարուցել ոչ միայն լրագրողների նկատմամբ բռնության դեպքով, այլև քաղաքացիների: