16 հուլիսի 2003 - 22:35 AMT
ԲԱՔՈՒՆ ԳԱԳԱՏՎՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՎԱՐԱԾ ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ
Բաքուն կոչ է անում Ֆրանսիային, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, հավասարակշռված քաղաքականություն վարել հակամարտության կողմերի նկատմամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Բաքվում այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը: «Մենք հասկանում ենք, որ Ֆրանսիայում մեծաթիվ հայկական սփյուռք է բնակվում, որն ազդեցություն ունի այդ երկրի հասարակական-քաղաքական կյանքի վրա: Համենայն դեպս, ես ուզում եմ եւս մեկ անգամ հատկանշել այն, որ եթե Ֆրանսիան ստանձնել է արդար դատավորի դերը, ապա պետք է կարողանա միեւնույն լույսի ներքո դիտարկել հակամարտության երկու կողմերը», - հայտարարել է Գուլիեւը: Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, որի ընթացքում մտադիր է Ֆրանսիայի ղեկավարության հետ քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: