6 հոկտեմբերի 2006 - 15:30 AMT
Փիթեր Սեմնեբին «լիովին անհույս» չի համարում իրավիճակը ղարաբաղյան գործընթացի շուրջ
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում, հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանը եւ Ադրբեջանը ժամանակի վրա են խաղում: Սեմնեբին ասել է, թե Ադրբեջանը հուսով է, որ էներգակիրներից ստացվող եկամուտը հետզհետե երկիրը կդարձնի «ավելի հարուստ եւ ռազմական տեսակետից ավելի հզոր»: «Սպառազինության կուտակումը լուրջ խնդիր եւ մտահոգություն է, եւ կարծում եմ, որ դա իր ազդեցությունն է թողնում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը այնքան էլ հրատապ չի համարում հակամարտության կարգավորումը», -֊ փաստել է Սեմնեբին: Միաժամանակ, նա կարծում է, որ Հայաստանն էլ է ժամանակձգում: Նրա վկայությամբ` «Երեւանն էլ սպասում է, թե ինչպես կլուծվի Կոսովոյի հարցը, եւ հույս ունի, որ ժամանակի ընթացքում կյանքի իրողությունները կխաղան իրենց դերը»: Այնուամենայնիվ, Եվրամիության ներկայացուցիչը կարծում է, որ ղարաբաղյան խաղաղ բանակցություններում ստեղծված իրավիճակը «լիովին անհույս չէ»: Նա փաստել է, որ շուտով հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: