18 հուլիսի 2015 - 15:40 AMT
ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի նիստ Բրյուսելում. Առանցքում դատաիրավական գործակցությունն է

Բրյուսելում հուլիսի 17-ին տեղի է ունեցել Արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում գործակցության հարցերով ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի նիստը։

ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում, որը գլխավորել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ընդգրկված են եղել ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ ՏԿ ԱԻՆ միգրացիայի պետական ծառայության ներկայացուցիչները։

ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի նիստում քննարկվել է երկկողմ գործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ դատաիրավական բարեփոխումները, միջազգային իրավական օգնությունը քրեական և քաղաքացիա-իրավական ոլորտում, միգրացիան և սահմանային անվտանգության ապահովումը, վիզային ռեժիմի դյուրացումը և հետընդունման համաձայնագրի կատարումը:

Անդրադարձ է կատարվել նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարին՝ այդ թվում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, ահաբեկչության, թմրանյութերի անօրինական շրջանառության, փողերի լվացման դեմ պայքարին, հակակոռուպցիոն քաղաքականության իրագործմանը:

ԵՄ-ՀՀ ենթակոմիտեն գործում է 2009-ից: Նիստերը պարբերաբար անցկացվում են Երևանում և Բրյուսելում: Ենթակոմիտեի մանդատի տակ մտնում են անօրինական միգրացիայի, ապաստանի և սահմանների կառավարման, կազմավորված հանցավորության դեմ պայքարի, օրենքի գերակայության. դատական բարեփոխումների, թմրանյութերի դեմ պայքարի, քաղաքացիական և քրեական գործերով դատական համագործակցության, անհատական տվյալների պաշտպանությանն առնչվող հարցեր:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հարաբերությունները կարգավորվում են 1996-ին ՀՀ և եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրով: ԳՀՀ-ն համարվում է ներկայիս միակ իրավական հիմքը ՀՀ և ԵՄ հարաբերություններում: Դրա համակողմանի իրագործումը պայմանավորված է փոխադարձ շահերով և նպաստում է ՀՀ-ում քաղաքական, տնտեսական և իրավական բարեփոխումների գործընթացին: ԳՀՀ-ն ընդգրկում է համագործակցության բոլոր ոլորտները` բացի ՀՀ անվտանգության երաշխիքների տրամադրումից: Այն կարգավորում է տնտեսական, դատաիրավական, գիտատեխնիկական, կրթական, սոցիալական, շրջակա միջավայրի, տրասպորտի, ֆինանսական ծառայությունների, մաքսային ծառայությունների, զբոսաշրջիկության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում համագործակցությունը: