20 հուլիսի 2015 - 15:58 AMT
Պետերբուրգում անհայտ անձինք դանակահարել են հայաստանցի երիտասարդին

Հուլիսի 18-ին ժամը 12:00-ի մոտակայքում Սանկտ Պետերբուրգի Կիրովի շրջանում՝ «Լենինի պողոտա» մետրոյի կայարանում, 4 անհայտ տղամարդ հարձակվել է հայաստանաբնակ 21-ամյա երիտասարդի վրա:

Ինչպես հայտնում է «Նեվսկիե նովոստի» պարբերականը, անհայտները ծակող հարվածներ են հասցրել զոհին, այնուհետև` թաքնվել: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ ականատեսների, բոլոր հարձակվողները սլավոնական արտաքին են ունեցել: Նրանցից երկուսը մինչև գոտկատեղը մերկ են եղել: Հարձակվողներից մեկը բազմաթիվ սպիեր է ունեցել ձեռքերի վրա:

Այժմ իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են պատահարի հանգամանքները և որոնում հարձակվողներին:

Ըստ «Սովա» տեղեկատվական և վերլուծական կենտրոնի, 2015-ի առաջին կեսին Ռուսաստանում բռնության 21 ակտ է կատարվել ազգային, կրոնական, սեքսուալ փոքրամասնությանը, երիտասարդական խմաբվորումներին պատկանելու հատկանիշով, ինչպես նաև անտուն մարդկանց վրա: Այս հարձակումը բռնության երկրորդ դեպքն է «ոչ սլավոնական» արտաքինով մարդու վրա Պետերբուրգում վերջին կես տարում` փետրվարի 27-ին երկու երիտասարդներ, որից մեկն անչափահաս էր, ծեծի ենթարկեցին Ուզբեկստանի 50-ամյա քաղաքացուն, որը հետո մահացավ հիվանդանոցում: Սկզբում որպես անզգուշությամբ սպանության հոդվածով հարուցված քրեական գործը հետագայում վերափոխվեց խուլիգանության մասին գործի:

Ընդ որում, ընդհանուր առմամբ ռասիզմի և այլատյացության հողի վրա բռնության ակտերի վիճակագրությունը Ռուսաստանում նվազում է: 2007-ին հարձակումներից տուժել է 438 մարդ, 2014-ին` 94: