20 հուլիսի 2015 - 16:53 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ԵՄ խորհրդի նախագահը՝ ՀՀ հետ գործակցության, առանց վիզայի ռեժիմի ու ԼՂ խնդրի կարգավորման մասին

Եվրամիությունը ցանկանում է ամրապնդել գործակցությունը Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Այս մասին հուլիսի 20-ին հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մենք պատրաստ ենք գործակցել Հայաստանի հետ և հարգում ենք ՀՀ ընտրությունը՝ լինել Եվրասիական տնտեսական միության անդամ»,- ընդգծել է Տուսկը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն նախկինի պես պատրաստակամ է խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները՝ աշխատելով միասին շուկաները բացելու ուղղությամբ, առաջ ընթանալով ժողորդավարական բարեփոխումների օրակարգով, տնտեսական աճով, տարածաշրջանային ինտեգրման ճանապարհով, գործարար ներդրումների միջավայրի բարելավման ուղղությամբ, կայուն զարգացման ճանապարհով:

«Հայաստանը կարող է հույս կապել ԵՄ օժանդակության շարունակման հետ, որպեսզի առաջ ընթանա սոցիալական, քաղաքական բարեփոխումների ուղղությամբ, շարունակի պահպանել, պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները», - հավելել է Տուսկը, մեջբերում է Panorama.am-ը:

Նա նաև նշել է, որ բարեհաջող ավարտել են ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների նոր համապարփակ համաձայնագրի բանակցությունների առաջին փուլը: Ըստ Տուսկի՝ այս համաձայնագրով նախանշել են ապագա գործակցության ոլորտները, ԵՄ անդամ պետություններն արդեն իսկ քննարկում են այս բանակցությունների մանդատի տրամադրման հարցը:

«Ողջունում եմ այն դրական առաջընթացը, որը Հայաստանը ձեռք է բերել շարժունակության գործընկերության, վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի արդյունավետ կատարման ուղղությամբ, որոնք ուժի մեջ մտան 2014-ի հունվարից: Արդյունավետ իրագործումը կարևորագույն պայման է, որպեսզի սկսվեն վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները: Առանց վիզաների ռեժիմը վերջնական նպատակն է: Լիահույս եմ, որ հաջորդ քայլը հնարավոր կլինի իրականացնել մոտակա ամիսներին, եթե աշխատանքի այս տեմպը պահպանվի», - ասել է Եվրամիության խորհրդի նախագահը:

2014-ին Հայաստանի և ԵՄ միջև ստորագրվեց «Վիզաների տրամադրման դյուրացման մասին» համաձայնագիրը: Դյուրացված կարգով Շենգենյան վիզա կարող են ստանալ պետական պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները, ուսանողները, ԵՄ երկրներում մերձավոր բարեկամներ ունեցողները, կրթական, մշակութային, ակադեմիական, բուժման, գիտական նպատակով ԵՄ այցելողները, լրագրողները, միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցներն և այլոք:

Հայաստանում Շենգենյան գործակցության անդամ երկրների բոլոր հյուպատոսարանները հունիսի 23-ից միացել են Վիզաների տեղեկատվական համակարգին (ՎՏՀ)։ Նոր համակարգով Շենգենյան վիզայի համար դիմողներից կպահանջվի տրամադրել իրենց կենսաչափական տվյալները` մատնահետքեր և թվային լուսանկար, որոնք Շենգենյան վիզայի դիմումում նշված տեղեկատվության հետ կգրանցվեն ՎՏՀ տվյալների կենտրոնացման շտեմարանում: Համակարգին միանալով վիզա ստանալու ամբողջ գործընթացը կդյուրացվի:

ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ Եվրամիության հետ հարաբերությունների սերտացումը, Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և բարեփոխումների հետագա խորացումը կրելու է շարունակական բնույթ:

«Մենք արձանագրեցինք, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Դա վկայում է, որ առկա են երկուստեք քաղաքական կամք և հանձնառություն և, որ ամենակարևորն է՝ ընդհանուր արժեհամակարգ, որի վրա կառուցում ենք զարգացման մեր ուղին»,- ասել է Սարգսյանը:

Բանակցությունների ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին և ընթացիկ գործակցությանը, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին:

Մինև այդ, երկկողմ հանդիպմանը Տուսկը ՀՀ նախագահին խնդրել է ներկայացնել սահմանադրական բարեփոխումների իրականացման նպատակը և այդ գործընթացի վերաբերյալ նրա գնահատականը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին: Հանրապետության նախագահը ողջունել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը:

Խոսելով դժվարին բանակցությունների արդյունքում Հունաստանի ճգնաժամի հաղթահարման գործընթացում արձանագրված որոշակի առաջընթացի մասին՝ Սարգսյանը հույս է հայտնել, որ հարցը հնարավորինս արագ և կողմերի համար ընդունելի տարբերակով լուծման կհանգի: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ինչպես երկրի կարևորագույն գործընկեր ԵՄ տարածքում կայունության ապահովմամբ, այնպես էլ Հայաստանի դարավոր բարեկամ Հունաստանի բնականոն զարգացմամբ։

Հայաստան - Եվրամիություն գործակցության հեռանկարները Եվրամիության խորհրդի նախագահը քննարկել է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպական միության միջև գործակցության ընթացքը և նշել, որ երկուստեք քաղաքական կամք կա և հանձնառություն՝ էլ ավելի խորացնելու և ամրապնդելու փոխգործակցությունը:

«Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, որի հետ մեր գործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու ԵՄ հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական գործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում»,- ասել է կառավարության ղեկավարը:

Տուսկն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Եվրոպական միության համար այս տարածաշրջանում, և Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովից հետո ԵՄ-ն պատրաստակամ է նոր թափով շարունակել գործակցությունը:

«Արևելյան գործընկերություն» նախագիծը չի նախատեսում ԵՄ-ին անդամակցելու հնարավորութուն, այլ ուղղված է Եվրամիության քաղաքական և տնտեսական ինտեգրմանը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ: Վերջին երեքը ստորագրել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, որն արդեն վավերացվել է ԵՄ անդամների մեծամասնության կողմից: Մինչդեռ միաժամանակ Հայաստանն ու Բելառուսը ԵՏՄ անդամ պետություններ են, որին անդամակցում է նաև Ռուսատանը:

«Մենք նաև ձեր կողքին ենք բարեփոխումների ձեր օրակարգում, որը հավակնոտ է, և համոզված եմ, որ Ձեր անձնական հանձնառությամբ այն կյանքի կկոչվի», - նշել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Վարչապետը և ԵԽ նախագահը համոզմունք են հայտնել, որ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը հնարավորություն կընձեռի նոր թափ հաղորդել երկկողմ հարաբերություններին և կնպաստի բազմաոլորտ գործակցության զարգացմանը:

Մայիսի 7-ին Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարութունների միջև կկնքվել է առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր: Դրա շուրջ բանակցությունները շատ երկար են տևել: Այն ԱՄՆ կողմից այլ երկրների հետ կնքված տիպային փաստաթուղթ է: Փաստաթղթով նախատեսվում է ստեղծել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որը կնախագահեն հայկական կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ամերիկյան կողմից՝ ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի գրասենյակը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Աբրահամյանը կարևորել է ԵՄ շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Իր հերթին Տուսկն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և Եվրոպական միությունը շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման հարցի շուրջ:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հարաբերությունները կարգավորվում են 1996-ին ՀՀ և եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրով: ԳՀՀ-ն համարվում է ներկայիս միակ իրավական հիմքը ՀՀ և ԵՄ հարաբերություններում: Դրա համակողմանի իրագործումը պայմանավորված է փոխադարձ շահերով և նպաստում է ՀՀ-ում քաղաքական, տնտեսական և իրավական բարեփոխումների գործընթացին: ԳՀՀ-ն ընդգրկում է համագործակցության բոլոր ոլորտները` բացի ՀՀ անվտանգության երաշխիքների տրամադրումից: Այն կարգավորում է տնտեսական, դատաիրավական, գիտատեխնիկական, կրթական, սոցիալական, շրջակա միջավայրի, տրասպորտի, ֆինանսական ծառայությունների, մաքսային ծառայությունների, զբոսաշրջիկության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում համագործակցությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ