21 հուլիսի 2015 - 19:14 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՀ-ԵՏՄ գործակցության ոլորտները. Շինարարություն, գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն, ՏՏ

Հուլիսի 21-ին Երևանում կայացած արդյունաբերական համաժողովի շրջանակում քննարկվել է ԵՏՄ անդամ պետությունների արդյունաբերական գործակցության հիմնական ուղղությունների նախագիծը:

ԵՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար, կոլեգիայի անդամ Սերգեյ Սիդորոսկին լրագրողների հետ զրույցում առանձնակի շեշտել է, որ Հայաստանն այն պետությունն է, որը չունի միության հետ ընդհանուր սահման, և ուստի հասկանալ է պետք, թե որ հարցերը կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով կարող են լուծում ստանալ և Հայաստանի տնտեսությունը հասցնել ԵՏՄ-ի տնտեսական պահանջներին:

Սիդիրոսկին հստակեցրել է, թե կոնկրետ որ ճյուղերն են այս պարագայում առավել հեռանկարային: Ըստ ԵՏՄ նախարարի՝ դրանք են շինանյութերի արտադրությունը, թեթև արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը:

«Մենք այսօր հստակ պատկերացում ունենք Հայաստանի արդյունաբերությունից: Պետք է տեսնել այն ոլորտները, որոնք այս համատեքստում կզարգանան: Օրինակ՝ դուք ունեք լավ շինանյութ, իսկ այսօր միության անդամ երկրներում մեծ ծավալի շինանյութ է օգտագործվում: Այն հիմա ներկրվում է ոչ միության անդամ երկրներից, ուստի պետք է այն փոխարինել հայկական արտադրանքով, ինչը կարճ ժամանակում, կարծում եմ, կարվի», - ասել է Սիդորոսկին:

Նա հեռանկարային է համարել նաև հայկական կոշիկի արտադրանքը, տրիկոտաժը, որոնք պետք է զարգացնել և ԵՏՄ շուկաներ հանել:

«Քննարկվել է գյուղատնտեսության ոլորտը: Դրա զարգացման համար պետք են մեքենաներ, տրակտորներ, կոմբայններ: Դրանք ավելի երկարաժամկետ ծրագրեր են »,- հավելել է Սիդորոսկին:

Հարցին, թե տնտեսական ցուցանիշների առումով ինչպես ԵՏՄ-ին կհաջողվի փակել տարին, նախարարն ասել է, որ կհաջողվի խուսափել անկումից:

«Չէի ասի, որ միանշանակ անկում կլինի, կան տնտեսական հատվածներ, որոնք աճ են գրանցում և ճյուղեր, որոնք անկում են ունենում»,- ասել է նա՝ հավելով, որ նման բացասական միտումները միայն ԵՏՄ-ի համար չեն՝ խնդիրը գլոբալ է:

Ըստ նախարարի՝ տնտեսական աճ կապահովի միության երկրներից Ղազախստանը՝ 1-2%-ով: Բելառուսն այսօր ունի անկում նախորդ տարվա համեմատ, ՌԴ-ն նույնպես նույն մակարդակի է, իսկ Հայաստանի մասով նշել է, որ ոլորտային դրական դինամիկա կա, մասնավորապես՝ գյուղոլորտում:

Նախօրեին Սերգեյ Սիդորսկիին ընդունել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության և ԵԱՏՄ հանձնաժողովի միջև ձևավորված արդյունավետ գործակցության մակարդակից և կարևորել արդյունաբերության, գյուղատնտեսության, ինովացիոն և այլ բնագավառներում փոխգործակցության հետագա ակտիվացումը և ընդլայնումը: ԵԱՏՄ խորհրդի անդամը կարևորել է տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ կոնկրետ ծրագրերի իրականացումը, ինչը կնպաստի ԵԱՏՄ անդամ-երկրների միջև կապերի սերտացմանն ու ընդլայնմանը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյաննիր հերթին նշել է, որ արդյունաբերական հզորությունները զարգացնելու համար գործակցության կես տարին բավարար ժամանակաշրջան չէ:

«Այսօր խոսվում է հիմնական ուղղությունների և ֆորմատի մասին, այն ֆորմատի, որ ՀՀ-ն կարող է խոշոր արդյունաբերություն ունեցող ԵՏՄ անդամ երկրների հետ գործակցել», - ասել է նա:

Ըստ փոխնախախարի՝ այդ ձևաչափերից մեկը կոոպերացիան է.

«Մենք տրանսպորտի հետ կապված խնդիրներ ունենք, ծանր նյութերի ու հումքատար արտադրության կազմակերպման հարցերում, այստեղ խոսքը գնում է այն մասին, որ Հայաստանը վերցնի արտադրական շղթայի մի մաս և մասնակցի: Օրինակ, եթե նույն Կալինինգրադի ազատ տնտեսական գոտիներում արտադրում են եվրոպական մակնիշի մեքենաներ՝ Հայաստանը մասնակցի, կոմպլեկտավորման մասերի արտադրություն կազմակերպի ու մաս կազմի արտադրական շղթային», - բացատրել է նա՝ հավելելով, որ խոսքը գնում է մի շարք ուղղությունների մասին՝ շինարարություն, թեթև արդյունաբերություն և այլն, որոնցով ՀՀ-ն հետաքրքիր է ԵՏՄ-ին:

Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ԵՏՄ-ին անդամակցելուց ի վեր՝ 2015-ի առաջին 4 ամսվա մեջ, 2014-ի նույն ժամանահատվածի համեմատ, Հայաստանի արտաքին առևտուրը կրճատվել է 31,4%-ով: Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի արտահանման ծավալը, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, կրճատվել է 18.8%-ով, իսկ ներմուծումը՝ 35.7%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ 2015-ի հունվար-ապրիլին 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի արտահանումը Ռուսաստան կրճատվել է 96.3%-ով, ներմուծումը այդ երկրից կրճատվել է 38.3%-ով: Նշված ժամանակահատվածում Հայաստանի արտահանումը Բելառուս կրճատվել է 98,1%-ով, ներմուծումը այդ երկրից՝ 86.9%-ով: Ներմուծումը Ղազախստանից կրճատվել է 62.3%-ով, արտահանում այդ երկիր չի իրականացվել:

ՖՈՏՈՇԱՐՔ