22 հուլիսի 2015 - 10:17 AMT
Ադրբեջանի զինուժը շարունակում է ինտենսիվ խախտել հրադադարը. 1600-ից ավելի կրակոց՝ մեկ օրում

Հուլիսի 21-ի ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինուժը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 160 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 123 արկ, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից 3 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների, ինչի հետևանքով հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Արցախի բանակը տիրապետում է իրադրությանը և իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում պատրաստ է անհամաչափ ու պատժիչ գործողությունների, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հուլիսի 21-ին՝ ժամը 14:00-ից սկսած, առաջնագծի արևելյան (Մարտունու և Ասկերանի) ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի տակ է առել հայկական դիրքերը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:

Հուլիսի 21-22 ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հարավ արևմտյան սահմանագոտու զորամասեր: Նախարարը նախ և առաջ այցելել է առաջնագիծ, եղել տարբեր դիրքերում, տեղում ուսումնասիրել առաջնագծի օպերատիվ իրավիճակը, դիրքերում տեղի ունեցող մարտավարական և ծառայողական փոփոխությունները: Օհանյանն իրեն ուղեկցող բարձրաստիճան հրամանատարների հետ քննարկել է մարտական ծառայության և կազմակերպչական հարցերի լայն շրջանակ, լսել նրանց զեկույցները, տվել համապատասխան հրահանգներ, ֆեյսբության իր էջում տեղեկացրել է նրա մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հուլիսի 18-ին և 19-ին ևս հակառակորդը ինտենսիվորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, հարավային ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82 մմ ականանետեր և ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետեր:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 12-ից՝ 18-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 700 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 11.000 կրակոց: