22 հուլիսի 2015 - 12:12 AMT
Թուրքիայում վերակառուցելու են հայկական Սբ Գևորգ եկեղեցին

Թուրքիայի Բինգյոլ նահանգի Չանաքչի գյուղում գտնվող Սբ Գևորգ հայկական եկեղեցին վերակառուցվելու է Էրզրումի մշակութային արժեքների պահպանության շրջանային կառույցի որոշմամբ։ Այս մասին տեղեկացնում է Բինգյոլի նահանգապետարանը:

Փլուզման վտանգի առաջ կանգնած եկեղեցին, որը, ենթադրաբար, ավելի քան 250 տարվա պատմություն ունի, անխնամ մնալու հետևանքով գրեթե ավերվել է: Չանաքչըի գյուղապետ Մեհմեթ Ասալը հայտարարել էր, որ եկեղեցին շտապ վերակառուցման կարիք ունի, հակառակ դեպքում կփլուզվի և կվնասի հարակից տներին:

Գյուղապետի բողոքից հետո նահանգապետարանն այդ մասին տեղյակ է պահել մշակութային արժեքների պահպանման շրջանային կառույցին, և վերջինս եկեղեցին վերակառուցելու որոշում է կայացրել, թուրքական Hye Tert-ին հղումով գրում է Tert.am-ը:

Օգոստոսի 8-ին Թուրքիայում վերաբացվելու է մեկ այլ հայկական եկեղեցի՝ Ստամբուլի Քարթար շրջանում գտնվող XVIII դարի Սբ Նշանը: Ստամբուլի արվարձանում գտնվող եկեղեցին, որը գործել է 1776-ից, փակվել էր 2 տարի առաջ՝ հայ համայնքի թվի պակասելու և վերանորոգման աշխատանքների հետևանքով: Այժմ եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտին են մոտենում:

1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցներից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն։