22 հուլիսի 2015 - 17:34 AMT
Արցախի սև խավիարի արտադրամասում առաջին ձկնկիթն արդեն տեղադրել են. 3 տարուց ձուկը վաճառքի կհանվի

Շաբաթներ առաջ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում գործող սև խավիարի արտադրամասում տեղադրվել է առաջին ձկնկիթը: Մոտ 3 տարուց վաճառքի կհանվեն ձկան, 5 տարուց` սև խավիարի առաջին խմբաքանակները: Այդ մասին հուլիսի 21-ին արտադրամաս այցելած ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանին, շվեյցարահայ գործարար Վարտան Սերմակիսին, որի ներդրումով այն հիմնվել է, պատմել են Golden-fish-k ընկերության պատասխանատուները՝ ներկայացնելով կատարված աշխատանքը և հետագա ծրագրերը:

Ըստ նախագծի՝ 7 տարի հետո ձեռնարկությունն արտադրելու է տարեկան մոտ երեսուն տոննա սև խավիար, ինչի արդյունքում Արցախը պետք է դառնա այդ սննդամթերքի ամենախոշոր արտահանողներից մեկը:

«Կառավարության ուշադրությունը սևեռված է առաջնահերթորեն սահմանամերձ բնակավայրերի զարգացման վրա: Դրա ապացույցներից մեկն այս հավակնոտ ծրագիրն է, որը ոչ միայն ապահովելու է բազմաթիվ աշխատատեղեր հատկապես շրջակա գյուղերի բնակիչների համար, այլ նաև դառնալու է Արցախի տնտեսության շարժիչ ծրագրերից մեկը: Մենք միշտ պատրաստ ենք առավելագույն աջակցություն ցուցաբերել նմանատիպ ձեռնարկումներին, առավել ևս, որ այն օտարերկրյա ներդրման արդյունք է», - ասել է վարչապետը:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, Թրղի գետի վրա կառուցված և վերջին օրերին գործարկված «Թրղի-3»՝ 5 մեգավատ հզորությամբ փոքր ՀԷԿ-ի պայմաններին ծանոթանալով՝ վարչապետը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի վերաբերյալ:

«Այս նոր փոքր ՀԷԿ-ը կհամարվի մեր հերթական ձեռքբերումն Արցախի էներգետիկ ինքնաբավության աստիճանը բարձրացնելու ճանապարհին: Ողջունելի է, որ մասնավոր հատվածը մեծապես ընդգրկված է այդ ռազմավարական գործում»,- ասել է Հարությունյանը:

Կառավարության ղեկավարը շրջել է նաև սահմանամերձ Թալիշի դաշտերում, որտեղ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամն արդի տեխնոլոգիաներով մշակում է գարնանացան մի շարք կուլտուրաներ:

Վարչապետը գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ տեղում քննարկել է հիմնադրամի ծրագրի ընթացքին վերաբերող որոշ հարցեր՝ տալով համապատասխան հանձնարարականներ դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Վերջին տարիներին ձկնաբուծությունը լայն տարածում է ստացել Հայաստանում: Ի թիվս այլ ձկնատեսակների աճեցվում է իշխան և թառափ, որի շնորհիվ հիմնվել է նաև կարմիր և սև խավիարի արտադրություն: Քանի որ Սևանի իշխանի հետագա ճակատագիրը վտանգված է, 2014 թ. ընդունվեց Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի, որի համաձայն ակնկալվում է առաջին 10 տարիների ընթացքում հասնել տարեկան մոտ 50 հազ. տոննա ձկան արտադրության, վերամշակման և արտահանման, որի արժեքը կկազմի շուրջ 175 մլրդ դրամ, յուրաքանչյուր տարի ցանցավանդակային տնտեսությունների կողմից ձևավորված հասույթի 1.5%-ի տրամադրում հիմնադրամին՝ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման նպատակով մանրաձուկ ձեռք բերելու համար:Ֆինանսավորումն իրականացվելու է կառավարության և մասնավորի մասնակցությամբ: