24 հուլիսի 2015 - 10:15 AMT
Հակառկորդը շարունակում է խախտել հրադադարը. 2500 կրակոց մեկ օրում

Հուլիսի 23-ին և լույս 24-ի գիշերը հակառակորդի կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 160 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 մմ ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ցուցաբերած ակտիվությունը ճնշվել է, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հուլիսի 22-ին և լույս 23-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 130 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:

Իրադրությունն առաջնագծում վերջին օրերին շարունակում է լարված մնալ: Հուլիսի 21-ին ևս ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինուժն ինտենսիվորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ մոտ 160 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 123 արկ, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից 3 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց:

ԼՂՀ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Արցախի բանակը տիրապետում է իրադրությանը և իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում պատրաստ է անհամաչափ ու պատժիչ գործողությունների:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումները տարօրինակ չեն, այլ շատ սովորական երևույթ են, ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Սա Ադրբեջանի պահելաձևն է, ապրելակերպը: Հակառակորդը հատկապես ակտիվանում է համանախագահների տարածաշրջան այցելության ժամանակ, կարևոր հանդիպումներից անմիջապես առաջ կամ հետո: Նրան արդեն պետք էր լավ ճանաչել ու չզարմանալ: Դժբախտաբար, հակառակորդի էությունն է այդպիսին»,- ասել է Բաբայանը՝ նշելով, որ այդպիսի գործողություններն արդեն կանխատեսելի են ու տարօրինակ զարգացում նա չի տեսնում:

Հուլիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում հանդիպել են Սերժ Սարգսյանին և արտգործնախարար Էդվարդ Նալբանդանին: Քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հետ կապված հետագա քայլերը: ԵԱՀԿ Մինսկի խումբը հուլիսի 21-ին մեկնել է Ադրբեջան: Տարածաշրջան այցի նպատակն է նախապատրաստել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը։ Հուլիսին Բաքվում դարարեցվել է ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի գործունեությունը: