24 հուլիսի 2015 - 12:05 AMT
#ElectricYerevan. Եվս 3 ոստիկան «խիստ նկատողություն» է ստացել

Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում հունիսի 23-ին վաղ առավոտյան էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցը ցրելու ժամանակ ծառայության մեջ գտնվող ոստիկանների գործողությունների և քաղաքացիների դիմումների քննարկման մասով ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ ոստիկանության 3 ծառայող ևս թույլ են տվել կարգապահական խախատումներ:

Նույն օրը Բաղրամյանում հասարակական կարգը վերականգնելու ուղղությամբ իրականացված միջոցառման ընթացքում, ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն: Հուլիսի 13-ի դրությամբ կատարված քննության արդյունքներով պարզվել էր, որ ոստիկանության մի խումբ ծառայողներ թույլ են տվել կարգապահական խախտումներ: Գասպարյանի հրամանով՝ ոստիկանության 1 ծառայողի պաշտոնն իջեցվել էր մեկ աստիճանով, 1 ծառայողի հայտարարվել էր «նկատողություն», ևս 7-ի՝ «խիստ նկատողություն»:

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Երևանի վարչության ՔՀ 2 ոստիկան խախտել է «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները, իսկ Երևանի վարչության ԱԳ ոստիկանության փոխգնդապետը՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջները: Համաձայն վերջինի՝ վերոնշյալ ոստիկաններին հայտարարվել է «խիստ նկատողություն»:

Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ընթացքը կասեցվել է: Ծառայողական քննությանն անդրադարձ կարվի ՀՔԾ-ում և Քննչական կոմիտեում քրեական գործերի նախաքննությունների վերջնական արդյունքներով:

Հուլիսի 3-ին ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրմյան պողոտայում էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցը ցրելու ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների հանդեպ գործադրված ֆիզիկական ուժի դեպքերի առթիվ: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 164-րդ հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով` բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ: Նստացույցի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումից տուժած 16 քաղաքացի հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։