25 հուլիսի 2015 - 10:23 AMT
Հակառակորդը խախտում է հրադադարը. 2000 կրակոց՝ մեկ օրում

Հուլիսի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 140 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ըստ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, հուլիսի 24-ի երեկոյան ժամը 19:00-ից Արցախից բացի հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն կրակել նաև Տավուշի մարզի ուղղությամբ: Կրակոցները շարունակվել են ամբողջ գիշեր: Կրակել են ինչպես մեծ տրամաչափի հրաձգային զենքերից, այնպես էլ 60 և 82 մմ ականանետերից: Հայկական կողմը կորուստներ չունի: Այժմ սահմանին հարաբերական անդորր է:

Ի դեպ, ադրբեջանական քարոզչամեքենան արդեն մի քանի օր է՝ ստահոդ լուրեր է տարածում սահմանային իրավիճակի մասին: Հորդորում ենք չտրվել նման սադրանքներին եւ հիմնվել միայն հայկական կողմի պաշտոնական տեղեկատվության վրա: Մենք ադրբեջանական քարոզչության մասին ավելի մեծ կարծիք ունեինք:

Իրադրությունն առաջնագծում վերջին օրերին շարունակում է լարված մնալ:Հուլիսի 23-ին և լույս 24-ի գիշերը հակառակորդի կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 160 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 մմ ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:

Հուլիսի 22-ին և լույս 23-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 130 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:

«Եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի: Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի պատերազմ չսկսվի, սակայն եթե բոլոր այդ ջանքերն ապարդյուն լինեն, և կռիվ լինի, ապա հայկական բանակը պատրաստ է հայրենիքը պաշտպանել և դեռ ավելին՝ յուրաքանչյուր մարտական գործողություն տեղափոխել այլ տարածքներ»,- ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 24-ին: Նա շեշտել է, որ ամեն օր հայկական բանակը զբաղվում է իր կատարելագործմամբ և ոչ միայն ռազմական, այլև արտաքին քաղաքականության, դիվանագիտության առումով:

Անդրադառնալով օրեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարի արած հայտարարությանը, թե Հայաստանում քարը քարի վրա չեն թողնի, Օհանյանն ադրբեջանական կողմին հորդորել է զերծ մնան հռետորաբանությունից, տարբեր տիպի խոսակցություններից, բանակցային գործընթացը կառուցողական ընթացքով տանել: «Քարը քարին չթողնողը, երևի թե, արցախյան ազատամարտի ժամանակ ամեն ինչ կթողներ և կգար, կպաշտպաներ իր հայրենիքը», - հավելել է նախարարը: