25 հուլիսի 2015 - 13:24 AMT
Հեծանվաերթ Երևանում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «100 դուռ» նախագծի շրջանակում Երևանում հեծանվաերթ է մեկնարկել, որին մասնակցել է ավելի քան 70 հեծանվորդ: Նախագծի անվանումը խորհրդանշում է Արևելյան և Արևմտյան Հայաստանում, ինչպես նաև Ջավախքում (Վրաստանի հայաբնակ շրջան) գտնվող 100 հայկական եկեղեցին: Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը:

Հեծանվաերթի մասնակիցները «Մեր վերքերը միշտ բաց են» գրությամբ շապիկներով անցել են Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին և աղոթել են: Այնուհետև մասնակիցներն ամբողջ կազմով վերադարձել են Հրապարակ:

«Ծրագրի նպատակն է ժողովրդին հասցնել, որ չպետք է միայն ապրիլի 24-ին կամ դրանից առաջ գալ Ծիծեռնակաբերդ, այլ գալ, երբ ցանկանաս»,- ասել է Անտոնյանը, մեջբերում է «Նովոստի Արմենիա»-ն:

Նա նաև նշել է, որ ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները պարբերական բնույթ են կրելու, սակայն մանրամասներ չի հայտնել:

Ռեժիսոր Խաչիկ Եղոյանի նախաձեռնած «100 դուռ» ֆոտոնախագծի գաղափարը կայանում է նրանում, որ լուսանկարվում են 100 հայկական եկեղեցու դռներ: Լուսանկարների լայնաֆորմատ տարբերակները կներկայացվեն ցուցահանդեսների շրջանակում, որոնք կանցկացվեն Երևանում և Ստամբուլում։